18:49 25 հունիսի, 2025Գերմանիայի առաջատար բժշկական կենտրոններից մեկի՝ Ֆրայբուրգի պետական բժշկական համալսարանի փորձառու մասնագետներն ու ԱՐՄԵԴ համակարգը շահագործող «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերությունը համագործակցելու են էլեկտրոնային առողջապահության ոլորտում նորարար լուծումների նեդրման ոլորտում:
Այդպիսով, Հայաստանի բնակիչները բացառիկ հնարավորություն կունենան ArMed eHealth հավելվածի միջոցով օնլայն, ռադիոլոգիական հետազոտության վերաբերյալ երկրորդ կարծիք ստանալ գերմանացի անվանի պրոֆեսոր Լորենց Յեգերի կողմից։
«Բժշկական ծառայությունների պահանջարկը շարունակաբար աճում է, ինչը հնարավոր է բավարարել միայն բժշկական գիտելիքները աշխարհով մեկ տարածելու միջոցով։ Ես անձամբ միշտ բաց եմ նոր գաղափարների համար եւ ընտրել եմ ԱՐՄԵԴ-ի հետ համագործակցությունը, քանի որ այն մշակել է հիանալի, նորարարական պորտալ։ Այն հրաշալի հարթակ է այն բժիշկների համար, ովքեր ցանկանում են առաջարկել երկրորդ կարծիք, կապ հաստատել հիվանդների հետ և մատուցել այդ ծառայությունները»,- NEWS.am Medicine-ին ասաց Ֆրայբուրգի պետական բժշկական համալսարանի ռադիոլոգ Լորենց Յեգերը:
Ռադիոլոգի երկրորդ կարծիք ստանալու համար ընդամենը մի քանի պարզ քայլ է անհրաժեշտ։ ArMed eHealth հավելվածի միջոցով նախ պետք է ընտրել Հայաստանում կամ արտերկրում գտնվող բուժհաստատությունը, ապա երկրորդ քայլով՝ բժշկին։ Հետազոտության ֆայլը ներբեռնելուց հետո, բժիշկը կարող է այն ուսումնասիրել և տալ մասնագիտական եզրակացություն։
«Ինչո՞ւ երկրորդ կարծիք․ եկեք չմոռանանք, որ ցանկացած ռադիոլոգիական հետազոտություն ինքնին նաև ռադիոակտիվ է, եւ կարճ ժամանակում մի քանի ԿՏ անելը առողջությանն օգտակար չէ։ Եթե այդ տվյալը դուք արդեն ունեք թվային տեսքով, եկեք այդ թվային տվյալը տանք մեկ ուրիշ բժիշկի և երկրորդ կարծիք ստանանք իրենից։ Երբ կհամընկնի, մենք էլ հանգիստ կլինենք, որ ոչ մի բան բժիշկը բաց չի թողել»,- ասում է «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության գործադիր տնօրեն Ավետ Մանուկյանը:
ArMed eHealth հավելվածում գործարկված նոր ծառայության միջոցով առայժմ միայն ռադիոլոգի երկրորդ կարծիք ստանալու հնարավորություն կա։ Ֆրայբուրգի բժշկական համալսարանի պրոֆեսորը ծրագրին միացած առաջին արտասահմանցի բժիշկն է։ Նա Հայաստանի հետ ծանոթացել է German Medicine ընկերության միջոցով։
«Ֆրայբուրգի բժշկական համալսարանը մասնագիտացված է օնկոլոգիական գիտահետազոտական փորձերի և հետազոտությունների վրա, երկրորդ տեղը զբաղեցնում է համալսարանում ռևմատոլոգիան և իմունոլոգիան, որը նաև հայտնի է իր արդեն գիտական փորձերով և ապացուցված գործերով»,- նշում է German Medicine ընկերության մենեջեր Արմեն Կիրակոսյանը:
Փորձառու արտասահմանցի բժշկից երկրորդ կարծիք ստանալու հնարավորությունը ArMed eHealth հավելվածում վերջերս ներդված միակ նորամուծությունը չէ։
Հավելվածի միջոցով հնարավոր է նաև առցանց բժշկական որակյալ խորհրդատվություն ստանալ՝ առանց տնից դուրս գալու։ Դրա համար պետք է ունենալ ArMed հավելված և ինտերնետ հասանելիություն։ Համակարգում ներդրված արհեստական բանականության հատուկ գործիքի միջոցով այս գործընթացը դառնում է ավելի արագ ինչպես պացիենտի, այնպես էլ բժշկի համար։ Պացինետը մուտքագրում է գանգատները, պատասխանում որոշ ճշտող հարցերի, որից հետո ուղղորդվում է համապատասխան նեղ մասնագետի մոտ` առցանց խորհրդատվության։
Գործարկված մեկ այլ նորարարության՝ «Չատ բժշկի հետ» ծառայության միջոցով էլ հնարավոր է ընտրել կոնկրետ բուժհաստատությունն ու բժշկին։ Դա կարող է լինել, օրինակ, հենց պացինտին բուժող բժիշկը: Պացիենտը հնարավորություն ունի առցանց կապ հաստատել նրա հետ՝ առանց հերթերի ու ֆիզիկական այցելության։
«Ամեն ինչ արված է նրա համար, որ լավագույն մասնագետների կողմից, պացիենտի համար հարմար ճանապարհով, որակյալ բժշկական խորհրդատվություն ստանալու հասանելիություն տրամադրվի»,- ընդգծում է Ավետ Մանուկյանը՝ ավելացնելով, որ այս ծառայությունների ներդրումը թվային համակարգը կատարելագործելու միայն առաջին քայլերն են։
Առաջիկայում երկրորդ կարծիք ստանալու նպատակով նախատեսում են ընդլայնել համագործակցությունն արտերկրի այլ ճանաչված կլինիկաների հետ, եւ այդպիսով Հայաստանի բնակչությանը հասանելի դարձնել առավել զարգացած երկրների բժշկական փորձը։