Բորբոքային բջիջներն արյան մեջ մնում են ծանր ասթմայի բուժումից հետո. Allergy

13:48   26 հունիսի, 2025

Կենսաբանական դեղամիջոցները բարելավել են ծանր ասթմայով տառապող բազմաթիվ մարդկանց կյանքը։ Սակայն Շվեդիայի Կարոլինյան ինստիտուտի նոր հետազոտությունը ցույց է տվել, որ որոշ իմունային բջիջներ, որոնք ունեն բարձր բորբոքային ներուժ, լիովին չեն վերանում բուժումից հետո։

Կենսաբանական դեղամիջոցները դարձել են կարեւոր գործիք ծանր բրոնխիալ ասթմայի բուժման գործում: Allergy ամսագրում հրապարակված հետազոտության մեջ Կարոլինյան ինստիտուտի գիտնականներն ուսումնասիրել են, թե ինչ է պատահում կենսաբանական դեղամիջոցներ ստացող հիվանդների իմունային բջիջների հետ:

Հետազոտությունը հիմնված է BIOCROSS հետազոտության մեջ ընդգրկված ծանր ասթմա ունեցող պացիենտների տվյալների վրա: Գիտնականներն օգտագործել են առաջավոր տեխնիկա, ինչպիսին են հոսքային ցիտոմետրիան եւ միաբջիջ հաջորդականացումը՝ իմունային բջիջների հատկություններն ու գործառույթները որոշելու համար:

Բուժումից առաջ եւ ընթացքում 40 պացիենտներից վերցված արյան նմուշները վերլուծելուց հետո պարզվել է, որ բուժման ընթացքում անհետանալու փոխարեն, ասթմայի դեպքում բորբոքման մեջ կարեւոր դեր ունեցող որոշակի տեսակի իմունային բջիջների թիվն իրականում աճել է։

«Դա վկայում է այն մասին, որ կենսաբանական դեղամիջոցները, անկախ նրանից, թե որքանով են դրանք օգնում ասթմա ունեցող պացիենտներին բուժման ընթացքում, կարող են անհրաժեշտ լինել շարունակական բուժման համար՝ հիվանդությունը վերահսկողության տակ պահելու նպատակով»,- նշել են գիտնականները։

Մեպոլիզումաբի եւ դուպիլումաբի նման կենսաբանական դեղամիջոցների երկարատեւ ազդեցության մասին քիչ բան է հայտնի, քանի որ դրանք համեմատաբար նոր են եւ ասթմա ունեցող պացիենտներին նշանակվում են մեկ տասնամյակից էլ պակաս ժամանակ։ Հետազոտության հաջորդ փուլը կլինի երկարատեւ բուժում ստացած պացիենտներից վերցված նմուշների վերլուծությունը եւ թոքային հյուսվածքի ուսումնասիրությունը՝ պարզելու համար, թե ինչպես է այն ազդում շնչուղիների իմունային բջիջների վրա:



© NEWS.am Medicine