Չինաստանում կինը որովայնի ցավերով դիմել է բժշկի և անսպասելիորեն երեխա է ունեցել

08:43   2 հուլիսի, 2025

Չինաստանի Էնչժոու քաղաքի բնակչուհին էլեկտրական սկուտերով հիվանդանոց է գնացել՝ գանգատվելով որովայնի ցավերից և նույն օրը անսպասելիորեն մայր է դարձել, հաղորդում է South China Morning Post-ը։

Հունիսի 16-ին Լի ազգանունով մի կին ճաշից հետո անհարմարություն է զգացել և որոշել, որ չափից շատ է կերել։ Երբ ցավը սաստկացել է, նա վարձել է էլեկտրական սկուտեր և ուղևորվել մոտակա բժշկական հաստատություն։ Այնտեղ, շտապ զննումներից հետո, բժիշկները անսպասելի ախտորոշում են կատարել՝ կինը ծննդաբերում էր։ Ընդամենը մեկ ժամ անց նա ծննդաբերել  է 2,5 կիլոգրամ քաշով առողջ տղայի։

Ինչպես ասել է Լին՝ ինքը չգիտեր հղիության մասին՝ անկանոն ցիկլի պատճառով ուշադրություն չէր դարձրել դաշտանի բացակայությանը, տոքսիկոզ նույնպես չի եղել։ «Ես ապշած էի, երբ ինձ ասացին, որ ծննդաբերելու եմ», - խոստովանել է նա։ Ընտանիքն արդեն վեց տարեկան երեխա ունի և նրանք չէին պլանավորում համալրել ընտանիքը։

Կինը շարունակել է ապրել բնականոն կյանքով, այդ թվում՝ քաղաքում տեղաշարժվել սկուտերով։ «Բայց երեխան ծնվել է առողջ, ինչը նշանակում է, որ նա շատ ուժեղ է», - հավելել է նա։ Նրա ամուսինը, որն աշխատում է մեկ այլ քաղաքում, անմիջապես ժամանել է որդու ծննդյան մասին իմանալուց հետո։



© NEWS.am Medicine