Հայ-ռուսական առողջապահական առաջին համաժողովին կմասնակցի Ռուսաստանի առողջապահության նախարարը

14:03   3 նոյեմբերի, 2014

Նոյեմբերի 7-ին Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-թանգարանի նոր մասնաշենքի նիստերի դահլիճում իր աշխատանքները կսկսի Հայ-ռուսական առողջապահական առաջին համաժողովը։ Համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի գլխավորած պատվիրակությունը:

Համաժողովի շրջանակում երկու երկրի առողջապահության նախարարությունների միջեւ կստորագրվի դեղերի շրջանառության, բժշկական սարքավորումների եւ կենսաակտիվ հավելումների, շարունակական բժշկական զարգացման, ինչպես նաեւ առողջապահական համակարգերի միջեւ տեղեկատվության ապահովման, էլեկտրոնային առողջապահության եւ հեռաբժշկության ոլորտներում փոխըմբռնման երեք հուշագիր:

Համաժողովի բացման հաջորդող պլենար նիստերում Հայաստանի եւ Ռուսաստանի առաջատար մասնագետները կքննարկեն մոր եւ մանկան առողջության պահպանման, դեղերի ոլորտներին, իմունականխարգելմանը, ինչպես նաեւ առողջապահական բարեփոխումներին ու զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր:

Առողջապահության ոլորտի ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում կլինեն բժշկական օգնության եւ ծառայությունների որակի եւ հասանելիության բարձրացման ապահովմանը վերաբերող հարցերը:

Անդրադարձ կկատարվի բժշկական շարունակական մասնագիտական զարգացմանը, ՏՏ տեխնոլոգիաներին, հանրային առողջապահությանը, ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարին, էլեկտրոնային առողջապահությանը, ֆինանսավորման մեխանիզմներին:

Համաժողովի կազմակերպիչներն են ՀՀ եւ ՌԴ առողջապահության նախարարությունները, Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատները:



© NEWS.am Medicine