Երիտասարդների շրջանում ստամոքս-աղիքային քաղցկեղի դեպքերն աճում են սպառնալից տեմպերով. British Journal of Surgery

00:28   17 հուլիսի, 2025

British Journal of Surgery բժշկագիտական  հանդեսում հրապարակված նոր հետազոտությունը զգուշացնում է, որ երիտասարդների շրջանում ստամոքս-աղիքային քաղցկեղի դեպքերի թիվն աճում է սպառնալից տեմպերով։

Թեև հաստ աղիքի քաղցկեղը ստամոքս-աղիքային համակարգի վաղ շրջանում ամենատարածված քաղցկեղն է, հետազոտողները նշում են, որ 50 տարեկանից փոքր ավելի շատ մարդկանց շրջանում ախտորոշվում է ենթաստամոքսային գեղձի, կերակրափողի և ստամոքսի քաղցկեղ, ինչպես նաև ավելի հազվադեպ հիվանդություններ, մասնավորապես՝ կույր աղիքի քաղցկեղը, լեղածորանի քաղցկեղը և նեյրոէնդոկրին ուռուցքները։

Դանա-Ֆարբերի քաղցկեղի ինստիտուտի մի խումբ մասնագետներ վերանայել են տվյալները և պարզել, որ 2010-2019 թվականների ընթացքում ստամոքս-աղիքային քաղցկեղի վաղ շրջանի դեպքերը աճել են գրեթե 15%-ով։

Մինչդեռ դեպքերի թիվն ամենաբարձրն էր 40-49 տարեկան մարդկանց շրջանում, ցուցանիշների աճն ավելի կտրուկ էր երիտասարդ տարիքային խմբերում։ Օրինակ՝ 1990 թվականին ծնված մարդկանց շրջանում հաստ աղիքի քաղցկեղ զարգացման հավանականությունը 1950 թվականին ծնվածների համեմատ երկու անգամ ավելի մեծ էր, իսկ ուղիղ աղիքի քաղցկեղի զարգացման հավանականությունը չորս անգամ ավելի մեծ էր։

Հիմնական հարցն է՝ ինչու, և պատասխանը պարզ չէ, սակայն ստամոքս-աղիքային քաղցկեղի բոլոր տեսակների համար ընդհանուր ռիսկի գործոններ են հայտնաբերվել։

«Կենսակերպի այնպիսի գործոններ, ինչպիսին են ճարպակալումը, վերամշակված սննդամթերքներով հարուստ արևմտյան ոճի սննդակարգը և նստակյաց ապրելակերպը, հավանաբար, նպաստում են հիվանդության շատ դեպքերի վաղ զարգացմանը», - նշել են հետազոտության հեղինակները։

Ցանկում էին նաև ծխելը, ալկոհոլի օգտագործումը և այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են լյարդի ճարպային հիվանդությունը և թթվային ռեֆլյուքսը։

Արդյունքները ցույց են տվել, որ վաղ փուլի ստամոքս-աղիքային քաղցկեղի դեպքերի մեծ մասը կապված չէ ժառանգական գենետիկ մուտացիաների հետ, այլ, հավանաբար, շրջակա միջավայրի գործոններով պայմանավորված մուտացիաների արդյունք են։

Գիտնականները նշում են, որ այս արդյունքներն ընդգծում են ընտանեկան պատմությունը իմանալու և 45 տարեկանից սկսած հաստ աղիքի քաղցկեղի հետազոտություն անցնելու կարևորությունը։

Ստամոքս-աղիքային քաղցկեղի այլ տեսակների սկրինինգն ընդհանուր առմամբ հասանելի չէ, ուստի կարևոր է տեղյակ լինել հնարավոր ախտանիշների, ներառյալ՝ կղանքի մեջ արյան, կայուն թթվային ռեֆլյուքսի, այրոցի և որովայնի կամ մեջքի անհասկանալի ցավի մասին:



© NEWS.am Medicine