50 տարեկանում ծերացումը կտրուկ արագանում է․ Nature

13:04   29 հուլիսի, 2025

Չինաստանի գիտությունների ակադեմիայի գիտնականները պարզել են, որ մարմնի ծերացումը անհավասարաչափ է կատարվում։ Մոտ 50 տարեկանում բեկումնային պահ է գալիս, որից հետո օրգանիզմի ծերացման գործընթացներն արագանում են։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում։

Այս եզրակացությանը գիտնականները հանգել են՝ ուսումնասիրելով 14-ից 68 տարեկան 76 մարդու օրգանիզմի ութ համակարգեր։ Հետազոտողները կտրուկ կենսաբանական փոփոխություններ են արձանագրել 45-ից 55 տարեկան հասակում։ Ծերացումն նկատելիորեն ազդել է սիրտանոթային համակարգի վրա, հատկապես՝ աորտայի, որը օրգանիզմի ներքին օրգաններին արյուն մատակարարող գլխավոր անոթն է։

Հետազոտության հեղինակները եզրակացրել են, որ ծերացումն աստիճանաբար չի զարգանում, այլ ալիքաձև՝ արագ փոփոխությունների շրջաններով։ Նրանք նաև կարծում են, որ արյան անոթները կարող են առանցքային դեր խաղալ օրգանիզմում ծերացումը խթանող նյութերի բաշխման գործում։

Հետազոտողները հույս ունեն, որ այսպես կոչված «կենսաբանական շրջադարձային կետերի» հետագա ուսումնասիրությունը կօգնի ավելի լավ հասկանալ օրգանիզմի ծերության մեխանիզմները և գտնել այն դանդաղեցնելու եղանակներ։



© NEWS.am Medicine