Էպիլեպսիա՝ միֆեր ու խարան. ինչ գիտենք այս հիվանդության մասին այսօր 

19:30   29 հուլիսի, 2025

Դեռևս տասնամյակներ առաջ էպիլեպսիան ծածկված էր սնահավատության և տգիտության խիտ քողով։ Նման նոպաներ ունեցող մարդկանց հասարակությունը հաճախ ընկալում էր իբրև չար ոգիների ձեռքին տառապողներ, և միայն ժամանակի ընթացքում գիտությունը կարողացավ բացատրել այս վիճակի իրական բնույթը։ Այսօր մենք անհամեմատ ավելի շատ բան գիտենք դրա մասին, բայց արդյո՞ք դա բավարար է։ Արդյո՞ք առասպելները վերջնականապես ցրվել են։ Ի՞նչի են բախվում նման ախտորոշմամբ ապրողներն ամեն Աստծու օր։ Դրա մասին «Բա իմացար» հեռուստածրագրի եթերում թեմայի մասին պատմել է Յեյլի համալսարանին առընթեր բժշկական դպրոցի նյարդաբանության ամբիոնի պրոֆեսոր, ԱՊԲՀ հրավիրված պրոֆեսոր Ալին Հերլոպյանը։

Ի՞նչ է կատարվում ուղեղում նոպայի ժամանակ

«Էպիլեպսիան ուղեղի էլեկտրական ակտիվության խանգարման հետևանք է,- պարզաբանում է Ալին Հերլոպյանը։- Սովորաբար էլեկտրական ազդակները համակարգվում և փոխանցվում են ուղեղի տարբեր մասերի միջև առանց խափանումների։ Սակայն էպիլեպսիայի դեպքում դրանք անսպասելիորեն սկսվում են մեկ հատվածում և արագ տարածվում ամբողջ գլխուղեղային կեղևով մեկ։ Դա նման է կարճ միացման՝ էլեկտրական հոսանքի հանկարծակի և հզոր ալիքի արտանետման, որը խաթարում է ուղեղի գործունեությունը»։

Նման ձախողումը անդրադառնում է նաև մարդու մարմնի վրա. նա կարող է հանկարծակի կորցնել խոսքի ունակությունը, ընկնել, սկսել ցնցումներ ունենալ: Սակայն, ըստ Հերլոպյանի, ամենակարևորն այն է, որ էպիլեպսիան սկիզբ է առնում և ընթանում ուղեղում, և հենց դրա իմացությունն է հնարավորություն տալիս արդյունավետորեն վերահսկելու այն։ «Մենք կարողանում ենք դրանից գլուխ հանել,-ասում է նա։- Ժամանակակից դեղամիջոցները կարող են ճնշել նոպաները, ինչը նշանակում է, որ էպիլեպսիա ունեցող մարդը կարող է ապրել բնականոն, լիարժեք կյանքով»։

Էպիլեպսիայի պատճառները և ձևերը. կարևոր է, որ յուրաքանչյուրն իմանա

Էպիլեպսիան հարատիպ հիվանդություն չէ, այլ տարբեր բնույթի և զարգացման փուլեր ունեցող վիճակների մի ամբողջ շարք է։ Ինչպես նշում է Հերլոպյանը, դրա առաջացման պատճառները կարող են շատ տարբեր լինել։ Երբեմն դա ժառանգական գործոն է կամ գենետիկական մուտացիա, որը տեղի է ունենում ներարգանդային զարգացման շրջանում։ Մյուս դեպքերում, էպիլեպսիան զարգանում է գլխի վնասվածքների, ուռուցքների կամ կյանքի ընթացքում ուղեղի վնասման հետևանքով։

«Շատ կարևոր է հասկանալը,- ընդգծում է նա,- որ էպիլեպսիան կարող է սկսվել ոչ միայն մանկության կամ պատանեկության տարիներին։ Հնարավոր է՝ այն դրսևորվի հասուն և նույնիսկ ծեր տարիքում»։ Ահա թե ինչու վաղ ախտորոշումը և ախտանիշների նկատմամբ ուշադրությունը հատկապես կարևոր են։ Էպիլեպտիկ նոպաների երկու հիմնական տեսակ կա՝ ընդհանրացված և կիզակետային։ Ընդհանրացված նոպաները սկզբից ի վեր ազդում են ուղեղի երկու կիսագնդերի վրա։ Դրանց թվում են տոնիկ-կլոնիկ ցնցումները, բռնկումները, միոկլոնիկ և ատոնիկ նոպաները, որոնց դեպքում մարդը կարող է հանկարծակի կորցնել մկանային տոնուսն ու ընկնել։

Կիզակետային կամ մասնակի ցնցումները սկսվում են ուղեղի որոշակի հատվածում։ Դրանք կարող են առաջանալ պահպանված գիտակցության դեպքում կամ ուղեկցվել դրա խանգարմամբ։ Որոշ դեպքերում, կիզակետային ցնցումները վերածվում են երկրորդային ընդհանրացված ցնցումների, ինչը նշանակում է, որ ժամանակի ընթացքում դրանք տարածվում են ամբողջ ուղեղում: «Այս տարբերություններն ըմբռնելն օգնում է ոչ միայն բժիշկներին, այլև՝ հենց բուժառուներին,- հավելում է Հերլոպյանը։ -Դա հնարավորություն է ընձեռում ընտրելու ճիշտ բուժման ռազմավարությունը և բարելավելու կյանքի որակը»։

Ինչպես օգնել նոպայի ժամանակ. խորտակելով առասպելները

Էպիլեպսիային առնչվող բազմաթիվ առասպելներ կան, որոնք ոչ միայն անօգուտ են, այլև՝ վտանգավոր։ Ամենատարածվածներից մեկը նոպայի ժամանակ մարդու լեզուն բռնելու փորձն է։ «Նման բան չի կարելի անել։ Լեզուն կուլ չի գնում, ինչպես նախկինում ենթադրում էին»,- նշում է պրոֆեսորը։ Իրականում, ինչ-որ բան բերանը դնելու կամ լեզուն բռնելու փորձը կարող է վնասվածք պատճառել թե՛ տուժածին, թե՛ օգնություն ցուցաբերող անձին։

Էպիլեպտիկ նոպայի ժամանակ ձեռնարկվող ճիշտ քայլերը պարզ, բայց կարևոր են։ Անհրաժեշտ է մարդուն զգուշորեն շրջել կողքի՝ խեղդվելուց խուսափելու և շնչուղիների անցանելիությունն ապահովելու համար։ Համոզվեք, որ մոտակայքում վտանգավոր առարկաներ չկան և սպասեք մինչև նոպան ավարտվի։

«Մենք պետք է հստակ հասկանանք, որ էպիլեպսիան ամոթ բան չէ, այլ՝ խրոնիկական հիվանդություն, ինչպես շաքարախտը, հիպերտոնիան կամ սրտին առնչվող խնդիրները,- ասում է Հերլոպյանը։ -Մարդը չպետք է ամաչի կամ անհարմար զգա իր նոպաների համար։ Գլխավորն այն է, որ իմանաս՝ ինչպես գործել և աջակցություն ցուցաբերել, այլ ոչ թե՝ պարսավել»։

Գիտելիքն ընդդեմ վախի և ամոթի

Հակառակ բժշկության նվաճումներին՝ էպիլեպսիայով մարդիկ դեռևս բախվում են կանխակալ վերաբերմունքի։ «Նախկինում դա բացատրվում էր «դիվահարության» վախով,- ասում է Ալին Հերլոպյանը։- Բայց, ցավոք, նույնիսկ այսօր, երբ հիվանդության գիտական հասկացությունը հասանելի է դարձել, էպիլեպսիայից տառապող մարդուն բացասական որակներ վերագրվող և խտրականության ու սոցիալական մեկուսացման հանգեցնող պիտակավորումը չի վերացել»։

Պրոֆեսորի համոզմամբ՝ դրա պատճառը մատչելի և հասկանալի տեղեկությունների բացակայությունն է։ «Շատ կարևոր է, որ հիվանդության մասին գիտելիքները տարածվեն հստակ և հակիրճ,- ընդգծում է նա։- Երբ մարդը հասկանում է, թե իր հետ ինչ է կատարվում, նա նվազ վախով և ամոթով է դիմում բժշկական օգնության, սկսում է բուժումը և ստանում է անհրաժեշտ խնամքը»։

Հատկապես կարևոր է, որ հարազատներն իմանան այդ տեղեկությունները։ Առանց ընտանիքի աջակցության, ասում է Հերլոպյանը, բժշկի նշանակումները կատարելու հարցում բուժառուն կարող է դժվարություններ ունենալ: «Ոմանք ամաչում են նույնիսկ իրենց հարազատներին պատմել իրենց ախտորոշման մասին, դեղորայք չեն գնում և բաց են թողնում այցելությունները։ Առանց բուժման՝ նոպաները հաճախակի են դառնում, և վիճակն ավելի է վատթարանում։ Ավելին, հարազատները չեն հասկանում՝ ինչպես կարող են օգնել նոպայի դեպքում»,- պարզաբանում է պրոֆեսոր Ալին Հերլոպյանը։ 



© NEWS.am Medicine