12:33 2 օգոստոսի, 2025Ամերիկյան Օհայո նահանգի մի զույգի մոտ նախորդ շաբաթ ծնված տղան զարգացել է ավելի քան 30 տարի սառեցված սաղմից, ինչը հավանաբար ամենաերկար պահպանված էմբրիոնն է մինչև ծնունդը, հայտնում է CBS News–ը։
«Էմբրիոնների որդեգրման» ծրագրի շրջանակներում Լինդա և Թիմ Փիրսերը օգտագործել են 1994 թվականին նվիրաբերված մի քանի էմբրիոններ՝ տարիներ շարունակ անպտղության հետ պայքարելուց հետո երեխա ունենալու հույսով։
Նրանց որդին ծնվել է 11,148 օր սառեցված սաղմից, ինչն ըստ բժշկի՝ ռեկորդային ցուցանիշ է։
Այս հայեցակարգը գոյություն ունի 1990-ականներից, սակայն ավելի ու ավելի մեծ ուշադրություն է գրավում, քանի որ որոշ քրիստոնեական շրջանակներից վերարտադրողական բժշկության կլինիկաներ և ակտիվիստներ դեմ են արտահայտվում մնացած սաղմերի ոչնչացմանը՝ հիմնվելով այն համոզմունքի վրա, որ կյանքը սկսվում է բեղմնավորման պահին կամ դրանից հետո և որ բոլոր սաղմերը պետք է դիտարկվեն որպես տան կարիք ունեցող երեխաներ։
Միացյալ Նահանգներում ծնունդների միայն 2%-ն է հանդիսանում արտամարմնային բեղմնավորման (IVF) արդյունք, իսկ ավելի փոքր մասը վերաբերում է դոնորական սաղմերին։
Սակայն բժշկական փորձագետների գնահատմամբ՝ ներկայումս երկրում պահվում է մոտ 1,5 միլիոն սառեցված սաղմ և դրանցից շատերը անորոշ վիճակում են, քանի որ ծնողները չեն կարողանում որոշել, թե ինչ անել բեղմնավորումից հետո մնացած սաղմերի հետ։
Իրավիճակն ավելի է բարդացրել Ալաբամա նահանգի Գերագույն դատարանի 2024 թվականի որոշումը, ըստ որի՝ սառեցված սաղմերը երեխաների իրավական կարգավիճակ են ստացել։ Դրանից հետո նահանգի իշխանությունները մշակել են ժամանակավոր լուծում, որը պաշտպանում է կլինիկաներին այդ որոշման հետ կապված իրավական պատասխանատվությունից, սակայն մնացած սաղմերի ճակատագրի վերաբերյալ հարցերը բաց են մնում։