14:37 21 օգոստոսի, 2025Կարմիր միսը կարող է նպաստել բորբոքային աղիքային հիվանդությունների զարգացմանը՝ խախտելով միկրոֆլորայի հավասարակշռությունը։ Այս եզրակացությանն են հանգել Չինաստանի մայրաքաղաքային բժշկական համալսարանի հետազոտողները։ Աշխատանքը հրապարակվել է Molecular Nutrition & Food Research (MNFR) ամսագրում։
Փորձի ընթացքում մկներին երկու շաբաթ կերակրել են տարբեր տեսակի կարմիր մսով՝ խոզի, տավարի և գառան մսով։ Այնուհետև կենդանիների մոտ արհեստականորեն խթանել են հաստ աղիքի բորբոքումը։ Պարզվել է, որ մսային դիետա ստացող բոլոր խմբերի մոտ բորբոքումն ավելի ծանր է եղել։
Գիտնականները աղիքային հյուսվածքում գրանցել են բորբոքային ցիտոկինների ավելցուկ
և իմունային բջիջների զանգվածային ներթափանցում։ Միկրոբիոտայի վերլուծությունը ցույց է տվել Streptococcus, Akkermansia, Faecalibacterium և Lactococcus բակտերիաների քանակի նվազում, մինչդեռ Clostridium և Mucispirillum բակտերիաների քանակն աճել է։
«Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս սննդի, աղիքային միկրոֆլորայի և իմունիտետի միջև սերտ կապը և կարող է նպաստել բորբոքային աղիքային հիվանդությունների բուժման նոր մոտեցումների մշակմանը», - եզրակացրել է ուսումնասիրության հեղինակներից մեկը՝ բժշկական գիտությունների դոկտոր Դեն Թիանը։