21:30 21 օգոստոսի, 2025Բուժհաստատությունները տուգանքի ծանուցում են ստացել այն պատճառով, որ սխալ են դուրս գրել դժվարամատչելի հետազոտությունների ուղեգրերը, դրանով խախտելով օֆերտայի պայմանագիրը։ Այս մասին NEWS.am Medicine–ին հայտնեց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը, նշելով, որ տոգանված բուժհաստատությունները ուղեգրերը դուրս են գրել այն մարդկանց համար, որոնք պետպատվերի շահառու չեն։
Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի դարձավ, որ առողջության առաջնային պահպանման օղակի շատ բուժհաստատություններ 50 000 դրամ տուգանքի ծանուցումներ են ստացել։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր Նոր Կյանքի Առողջության Կենտրոնի տնօրեն Արա Ալեքսանյանը։
NEWS.am Medicine-ի տեղեկություններով, ծանուցումներում ասվում է, որ դիտարկվել են այդ ընկերությունների կողմից Արմեդ էլեկտրոնային առողջապահական համակարգով արտահիվանդանոցային դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների ուղեգրված դեպքերի ուղեգրման հիմքերը և պարզել, որ մի շարք դեպքերի ախտորոշումներով ուղեգրումները չեն համապատասխանում սահմանված կարգերի պահանջներին։ Ելնելով օֆերտայի պայմանագրի կարգավորումներից, ընկերությունները տուգանվել են 50 000 դրամի չափով, որն անհրաժեշտ է վճարել «սեղմ ժամկետներում»։
Երեկվանից մեզ դիմում են նաև քաղաքացիներ, որոնք բողոքում են, որ իրենց մերժում են պետպատվերով ԿՏ կամ ՄՌՏ իրականացնել։ Մի քանի բուժկենտրոններից մեզ հայտնեցին, որ այս պահին կարողանում են հերթագրել միայն մինչև 18 տարեկաններին և զինվորականներին ու իրենց ընտանիքի անդամներին։ Մնացած սոցիալական խմբերի շահառուների ուղեգրերը Արմեդ համակարգն ուղղակի չի ընդունում, այսինքն, կարելի է ենթադրել, որ հերթագրումը մինչև տարևվերջ արդեն փակ է։
Խնդրին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է նաև «Անկախ Փորձագետ» ՀԿ տնօրեն Ծաղիկ Վարդանյանը «Առողջապահությունում փող չկա՞» վերտառությամբ գրառումով։ Նա նշել է, որ «առողջապահության նախարարությունը աշնանն ընդառաջ սկսել է իր համար ամենասիրելի ֆունկցիայի՝ պատժելու մասսայական գործընթացը»:
«Հիմա էլ դիտարկել են պոլիկլինիկաների և ամբուլատորիաների կողմից արտահիվանդանոցային դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների՝ ԿՏ, ՄՌՏ և այլն, ուղեգրումները և սկսել են համապետական տուգանման գործընթաց», – գրել է նա։
Փորձագետի գնահատականով, այն, որ հերթագրումները մինչև դեկտեմբեր են հասել, վկայում է այն մասին, որ գումարը չի բավարարում։
«Եվ ահա, ուղեգրումների հոսքը «կասեցնելու» նպատակով ԱՆ-ը սկսել է պատժիչ գործողությունների շարք: Սա դեռ սկիզբն է», – գրել է նա, նշելով, որ հերթական անգամ տուժում են ԱԱՊ օղակի կազմակերպությունները, բացառությամբ մի քանի «սիրելի» հիմնարկների։
«Ամեն պատեհ, անպատեհ առիթով առողջապահության ոլորտի կառավարիչները խոսում են ԱԱՊ օղակի կարևորության և կանխարգելման առաջնային լինելու մասին: Սակայն նրանց գործողությունները հակառակ են: 2025թ. նվազեցվել է ԱԱՊ բյուջեն, իջեցվել է բուժաշխատողների աշխատավարձը, հիմա էլ մասսայական տուգանվում են և այսպես շարունակ», – գրել է Ծաղիկ Վարդանյանը։
Դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին նա առաջարկել է վերանայել տուգանքի կիրառման մասին կետը օֆերտայի պայմանագրում, իսկ առողջապահության նախարարությանը հիշեցրել, որ. «ՊԱԳ-ի փորձագետների կողմից արտահիվանդանոցային դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների մասով պարտադիր հաստատման ենթակա են ընդամենը 5% դեպքերը։ Համարո՞ւմ եք ՀՀ պետական բյուջեի նկատմամաբ «պատշաճ վերաբերմունք»: 40 հաստիք փորձագետ եք ավելացրել ՊԱԳ-ում , ինչո՞վ են զբաղված»:
Եվ դիմելով բուժկենտրոնների տնօրեններին, հորդորել է «հաջորդ անգամ ձեզ հրամցվող պետական պատվերի պայմանագիրը ուսումնասիրեք ուշադիր, ժամանակները փոխվել են: Հաջորդիվ օֆերտայի պայմանագրի 3.3.7 կետով միակողմանի լուծելու են ձեր պետական պատվերի պայմանագիրը»։