Արհեստական բեղմնավորմամբ հղիացած կինը սեփական ուժերով եռյակ է լույս աշխարհ բերել

20:45   4 նոյեմբերի, 2014

Անուշ Հարությունյանը, ով 12 տարի երեխա չունենալուց հետո արտամարմնային բեղմնավորման օգնությանն էր դիմել, այսօր առավոտյան եռյակ է ծննդաբերել։ Սովորաբար բազմապտուղ հղիության ժամանակ կեսարյան հատում է իրականացվում, սակայն Անուշը իր երեք որդիներին ինքնուրույն է ծննդաբերել։

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցին Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտի Արհեստական սերմնավորման եւ բեղմնավորման բաժանմունքի բժիշկ, բ.գ.թ. Գոհար Աբրահամյանն է պատմել, արտամարմնային բեղմնավորման արդյունքում 7 սաղմ էր ստացվել, որոնցից 3-ը կնոջ արգանդ էին պատվաստվել, իսկ մնացած 4-ը կրիոկոնսերվացիայի էին ենթարկվել։

Անուշ Հարությունյանը NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է այն մասին, որ կեսարյան հատման էր սպասում, սակայն երբ նրա մոտ ժամկետից շուտ ծննդաբերական գործունեությունը սկսվեց, մասնագետները որոշեցին, որ նա պետք է ինքնուրույն ծննդաբերի։ Ծնունդն ընդունել է ինստիտուտի փոխտնօրեն Արմեն Բլբուլյանը։

Նորածնային վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սերինե Մելիքսեթյանի խոսքով, քանի որ երեխաները անհաս են ծնվել, նրանք որոշակի խնդիրներ ունեն, սակայն ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցառումները նրանց արագ կազդուրվելու համար։

Դիտեք NEWS.am Medicine-ի տեսանյութը...



© NEWS.am Medicine