Պասիվ ծխելու լուռ վտանգը. ինչպես պաշտպանել երեխաներին

16:22   1 սեպտեմբերի, 2025

Ծխախոտի և ծխելու հետևանքով առաջացած ծխի վնասակար ազդեցությունների մասին խոսել ենք ընտանեկան բժիշկ Լուսինե Սիմոնյանի հետ։ Նա կիսվեց խորհուրդներով և միջազգային հաջողված փորձով՝ երեխաներին ծխախոտի ծխի վնասակար ազդեցությունից պաշտպանելու։

1․ Որո՞նք են պասիվ ծխելու հիմնական ազդեցությունները երեխաների և դեռահասների առողջության վրա։

Պասիվ ծխելը (այսինքն՝ շրջակա միջավայրում ծխախոտի ծուխը շնչելը, երբ մարդը ինքը չի ծխում) հատկապես վտանգավոր է երեխաների և դեռահասների առողջության համար։

Հիմնական բացասական ազդեցություններն են՝ Շնչառական համակարգի խանգարումները, իմունային համակարգի թուլացումը, զարգացման և աճի դանդաղումը, հոգեբանական և վարքային խնդիրները։ Երկարաժամկետ ազդեցության դեպքում մեծանում է սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը և կարող է ունենալ ազդեցություն երեխայի ապագա վերարտադրողական առողջության վրա։

2․ Ինչպիսի՞ խնդիրներ են առավել հաճախ հանդիպում այն ընտանիքներում, որտեղ մեծահասակները ծխում են՝ չնայած երեխաների ներկայությանը։

Երբ մեծահասակները շարունակաբար ծխում են երեխաների ներկայությամբ, ընտանիքում առաջանում են մի շարք խնդիրներ։ Դրանք են՝ հաճախակի հիվանդություններ (մրսածություն, բրոնխիտ, թոքաբորբ, ասթմա), վարքային փոփոխություններ։ Փորձը ցույց է տալիս, որ ծխողների երեխաների մոտ ավելի բարձր ռիսկ կա, որ իրենք կսկսեն ծխել դեռահաս հասակում։

3․ Որպես ընտանեկան բժիշկ՝ ի՞նչ խորհուրդներ կտաք ծնողներին՝ իրենց երեխաներին պասիվ ծխելու վտանգից պաշտպանելու համար։

Խորհուրդ կտամ առհասարակ չծխել, հատկապես երեխայի ներկայությամբ ո՛չ տանը, ո՛չ մեքենայի մեջ—անգամ բաց պատուհանի դեպքում։ Ծուխը տարածվում է օդով, կպչում է իրերին և մնում երկար ժամանակ։

Նաև պետք է խոսել երեխայի հետ ու բացատրել, որ ծխելը վնասակար է և որ դուք անում եք հնարավոր ամեն ինչ՝ իրենց պաշտպանելու համար։ Եթե երեխան արդեն գիտի վտանգների մասին, մեծանում է առողջ վերաբերմունքով։

4․ Աշխարհում ի՞նչ հաջողված ծրագրեր կամ մեթոդներ են կիրառվում՝ հասարակության շրջանում ծխելու դեմ պայքարելու և հատկապես երեխաներին պասիվ ծխելու ազդեցությունից պաշտպանելու նպատակով։

Երեխաներին և ինչու չէ նաև չափահասներին ծխի վնասակար ազդեցությունից պաշտպանելու համար պետք է նվազեցնել ծխի և ծխողների քանակը տարբեր միջոցառումների շնորհիվ։ Աշխարհում դրանք ներառում են կրթական իրազեկման արշավներ, իրավական և քաղաքական միջոցառումներ։ Օրինակ՝ Շվեդիան և Ճապոնիան ցուցաբերում են համապարփակ և բալանսավորված մոտեցումներ՝ ներառելով և կարգապահ օրենքներ, և ծխախոտի փոխարինման միջոցներ, որոնք չեն արտադրում ծուխ և հնարավորություն են տալիս նվազեցնել հանրային առողջության ռիսկերը։ Այս միջոցառումների շնորհիվ այսօր Շվեդիան ունի աշխարհում ծխողների ամենացածր ցուցանիշներից մեկը։

 

 



© NEWS.am Medicine