08:40 9 սեպտեմբերի, 2025Free Radical Biology and Medicine ամսագրում հրապարակված նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այն տարեց մարդկանց մոտ, ովքեր ամեն օր ճակնդեղի հյութ են խմել, հնարավոր է եղել բնական ճանապարհով իջեցնել զարկերակային ճնշումը։
Նիտրատներով հարուստ ճակնդեղի հյութ խմած ուսումնասիրության մասնակիցների բերանի խոռոչում բակտերիաների կազմի փոփոխություններ և արյան ճնշման իջեցում է նկատվել։ Ամենամեծ ազդեցությունը նկատվել է 60-ից 70 տարեկան մեծահասակների մոտ։
Սա առաջին դեպքը չէ, երբ ճակնդեղը կապվում է սրտի առողջության հետ։ Ավելի վաղ ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ օրական մոտ մեկ բաժակ ճակնդեղի հյութ խմելը կարող է իջեցնել զարկերակային ճնշումը, հաղորդում է Planet Today-ը։ 2024 թվականին կատարված վերլուծությունը ցույց է տվել, որ այն մարդկանց մոտ, ովքեր ամեն օր ճակնդեղի հյութ են օգտագործել, մինչև 90 օր զգալիորեն իջել է սիստոլիկ զարկերակային ճնշումը (վերին ցուցանիշը)։
Սննդաբան Սոնյա Անջելոնեն բացատրում է այս օգտակարության գիտական հիմնավորումը։ «Երբ դուք ճակնդեղ կամ դրա հյութ եք օգտագործում, նատրիում եք ստանում, որը բերանի խոռոչի օգտակար բակտերիաները վերածում է նիտրիտների», - ասում է նա։ «Նիտրիտներով հարուստ թուքը կուլ է գնում, իսկ ստամոքսում վերածվում է ազոտի օքսիդի»։
Արյան հոսքի մեջ հայտնվելով՝ ազոտի օքսիդը նպաստում է արյունատար անոթների թուլացմանն ու լայնացմանը, ինչը կոչվում է վազոդիլատացիա։ Այս վերափոխման կարևոր գործոնը բերանի խոռոչի առողջ միկրոֆլորայի պահպանումն է։ Անջելոնեն նշում է, որ նատրիումով հարուստ մթերքների օգտագործումը, ինչպիսիք են՝ ճակնդեղը և տերևավոր բանջարեղենը, նպաստում է այս գործընթացին՝ միաժամանակ կանխելով բերանի խոռոչում վնասակար բակտերիաների աճը։
Բացի արյան ճնշումն իջեցնելուց, ճակնդեղն ունի նաև բազմաթիվ օգտակար հատկություններ։ Ըստ Healthline-ի՝ այն հարուստ է բջջանյութով, որը նպաստում է մարսողությանը և նվազեցնում քրոնիկ հիվանդությունների ռիսկը, ինչպիսիք են՝ հաստ աղիքի քաղցկեղը, շաքարախտը և սիրտ-անոթային հիվանդությունները։ Ճակնդեղի որոշ միացություններ նույնպես կարող են ունենալ հակաքաղցկեղային հատկություններ, իսկ արմատապտղի հակաօքսիդանտները օգնում են նվազեցնել բորբոքումները և իջեցնել քրոնիկ հիվանդությունների զարգացման ռիսկը։