14:47 10 սեպտեմբերի, 2025Փոքրամասշտաբ հետազոտությունը ցույց է տվել, որ քոլեջի ուսանողների մի խմբում ճիշտ հավասարակշռված կետոգեն դիետա պահելու դեպքում, առնվազն տասը շաբաթվա ընթացքում, դեպրեսիայի ախտանիշները նվազել են մոտ 70%-ով։
Աշխատանքը հրապարակվել է Translational Psychiatry ամսագրում։
Բացի դեպրեսիվ դրսևորումների նվազեցումից, ինչպես մասնակիցների, այնպես էլ կլինիցիստների գնահատականներով, ուսանողների ընդհանուր բարեկեցության մակարդակը գրեթե եռապատկվել է։ Բարելավվել են նաև ճանաչողական թեստերի ցուցանիշները և բոլոր մասնակիցները, բացի մեկից, նույնպես կորցրել են քաշը։ Հետազոտությանը մասնակցել է 16 ուսանող, որոնք մինչ դիետան բուժում էին ստացել դեղորայքի, հոգեբանական աջակցության կամ երկուսի տեսքով՝ դեպրեսիվ ծանր խանգարման դեմ պայքարելու համար։ Ստացված արդյունքները թույլ են տալիս ենթադրել, որ դիետայի միջոցով սնուցողական կետոզի վիճակի հասնելը կարող է լինել դեպրեսիայի արդյունավետ օժանդակ թերապիա և հիմնավորում են ավելի լայնածավալ կլինիկական հետազոտության անհրաժեշտությունը։
Հարկ է ընդգծել, որ այս փորձնական հետազոտությունում չի եղել կետո-դիետա չպահող վերահսկիչ խումբ: Նախկինում նման մեթոդները (դեղորայք և խորհրդատվություն) տվյալ ժամանակահատվածում դեպրեսիայի ախտանիշները նվազեցրել էին մոտ 50%-ով։
«Հիմա այդքան շատ մարդիկ են տառապում, ուստի հնարավոր լուծում առաջարկելը շատ կարևոր է», - ասել է հետազոտության առաջատար հեղինակ, Օհայոյի համալսարանի հումանիտար գիտությունների պրոֆեսոր Ջեֆ Վոլեկը։
Նա հավելել է, որ թեև ավելի շատ գիտական տվյալներ կպահանջվեն, առկա ապացույցներն արդեն թույլ են տալիս մտածել դեպրեսիայի ավանդական բուժմանը լավ մշակված կետո-դիետան ավելի լայնորեն կիրառելու մասին։ Օհայոյի համալսարանի հետազոտողները, հոգեկան առողջության փորձագետների հետ համատեղ, մշակել և անցկացրել են այս փորձնական հետազոտությունը երիտասարդ ուսանողների շրջանում. սթրեսը, անհանգստությունը և դեպրեսիան լավ առաջադիմության հիմնական խոչընդոտն են, նշում է հետազոտության համահեղինակ, ուսանողների խորհրդատվական ծառայության հոգեբույժ Ռայան Պատելը։ Ուսանողների մոտ 40%-ը հայտնում է դեպրեսիայի ախտանիշների մասին և նրանց մոտ կեսն արդեն որոշակի բուժում է ստանում։