22:18 18 սեպտեմբերի, 2025MedMeet 2025 միջազգային առողջապահական ցուցահանդեսի բացման արարողությունը Meridian Expo կենտրոնում սկսվեց օդային շտապօգնության ուղղաթիռի վայրէջքով, որով տեղափոխվեցին ցուցահանդեսի կազմակերպիչներն ու հյուրերը՝ դիվանագիտական առաքելությունների աշխատակիցները, ԱՀԿ ներկայացուցիչներն ու միջոցառման միջազգային մասնակիցները։
MedMeet 2025-ը կանցկացվի սեպտեմբերի 19-21-ը։ Միջոցառումը միավորել է բժշկական ոլորտի, դեղագործական ընկերությունների, գիտական և խորհրդատվական կազմակերպությունների և առողջապահության ոլորտի մասնագետների ներկայացուցիչների՝ Հայաստանից և արտերկրից։
MedMeet 2025-ը նախատեսված է որպես փորձի փոխանակման, բժշկության մեջ նորագույն տեխնոլոգիաների և պրակտիկայի քննարկման, ինչպես նաև ոլորտի մասնագետների միջև գործնական կապերի հաստատման հարթակ։ Ցուցահանդեսում ներկայացված են նորարարական բժշկական լուծումներ, ժամանակակից ախտորոշիչ և թերապևտիկ գործիքներ, ինչպես նաև կանխարգելման և կազդուրման ծրագրեր։
Ցուցահանդեսում երեք օրվա ընթացքում հանգամանորեն կքննարկվեն ատամնաբուժական պրակտիկայի առանցքային հարցերը, ներառյալ իմպլանտացիան և ատամների բուժման և հեռացման միջառարկայական մոտեցումները, ինչպես նաև ժամանակակից մանրադիտակային ախտորոշիչ տեխնիկայի կիրառման եղանակները։ Զգալի ուշադրության է արժանացել վերարտադրողական բժշկությունը. մասնագետները կպատմեն գենետիկայի վերջին նվաճումների, պտղաբերության վրա բնածին և էնդոկրին խանգարումների ազդեցության, կրկնվող հղիության ընդհատման համապարփակ մոտեցումների մասին, ինչպես նաև հաղորդակից կդարձնեն հղիությունից առաջ առողջությունն օպտիմալացնելու և վիժումներից կամ քաղցկեղի բուժումից հետո պտղաբերությունը պահպանելու ռազմավարություններին։
Կարևոր թեմաներ կդառնան կենսակերպի, սննդի և շրջակա միջավայրի գործոնների ազդեցությունը կանանց և տղամարդկանց առողջության վրա, ինչպես նաև վերարտադրողական ծերացման և պտղաբերության (fertility- սեռական հասուն օրգանիզմի կենսունակ սերունդ տալու ունակության) պլանավորման առանձնահատկությունները։ Պրոֆեսիոնալները կքննարկեն հակաֆոսֆոլիպիդային համախտանիշի և այլ անոթային խանգարումների ախտորոշման և կառավարման ժամանակակից մոտեցումները, որոնք կարող են ազդող վերարտադրողական առողջության վրա։
MedMeet 2025 ծրագիրը ներառում է միջազգային խորհրդաժողովներ, բաց դասեր և սեմինարներ, ինչպես նաև գործնական պարապմունքներ այցելուների համար։ Յուրաքանչյուր ոք կարող է օգտվել անվճար բժշկական խորհրդատվություններից, անցնել հետազոտություններ հատուկ պայմաններում և հանձնարարականներ ստանալ առողջության պահպանելու համար։
Ցուցահանդեսի տեղեկատվական գործընկերն է NEWS.am Medicine-ը, որը լայնորեն լուսաբանում է միջոցառումները և բժշկական ոլորտի նորությունները։
MedMeet 2025-ը նոր հնարավորություններ է բացում մասնագետների և շարքային այցելուների համար՝ նպաստելով հանրային առողջության բարելավմանը և Հայաստանում ժամանակակից բժշկական չափանիշների առաջխաղացմանը։