20:46 23 սեպտեմբերի, 2025Երևանում անցկացվեց «Հազվադեպ հանդիպող հիվանդություններ» խորագրով երկօրյա համաժողով, որը միավորեց ռևմատոլոգիայի, գաստրոէնտերոլոգիայի, ակնաբուժության, նյարդաբանության և այլ ոլորտների առաջատար մասնագետներին: Քննարկումները կենտրոնացած էին աուտոիմունային և աուտոբորբոքային գործընթացների վրա՝ հազվադեպ հանդիպող, բայց չափազանց դժվար ախտորոշման և բուժման համար:
Աուտոիմունային հիվանդություն և աուտոբորբոքում. բազմամասնագիտական հայացք
Համաժողովի հիմնական թեմաներից մեկը IgG4-ին առնչվող հիվանդություններն էին՝ հազվադեպ, բայց նենգ պաթոլոգիաներ, որոնք կարող են միաժամանակ ազդել օրգանիզմի մի քանի համակարգերի վրա: Տարբեր ոլորտների մասնագետներ՝ ռևմատոլոգ Սոնա Մարդոյանը, գաստրոէնտերոլոգ Արեն Ներսիսյանը, ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը և ակնաբույժ Արաքս Դավթյանը, հաղորդակից դրաձրին իրենց փորձին: Իրենց ելույթներում նրանք շեշտեցին ուժերը միավորելու և միջառարկայական մոտեցմամբ լուծումներ գտնելու կարևորությունը:

«Ուրոլոգիական տեսանկյունից, IgG4-ին առնչվող հիվանդությունների ապաքինման աշխատանքում հիմնական խնդիրն այն է, որ բժիշկները միշտ չէ, որ մեզ ներգրավում են բուժառուների ապաքինման գործընթացի մեջ: Միևնույն ժամանակ, ուրոլոգներն իրենք երբեմն թերագնահատում են միջառարկայական համագործակցության անհրաժեշտությունը: Դա զգալիորեն բարդացնում է իրավիճակը, քանի որ ուրոլոգիայում նման հիվանդությունները հազվադեպ են դրսևորվում որպես անկախ նոզոլոգիա և հաճախ քողարկվում են որպես այլ պաթոլոգիաներ: Արդյունքում, համալիր մոտեցման բացակայությամբ, հաճախ բախվում ենք սխալ ախտորոշման և, իբրև հետևանք, ոչ համազոր բուժման ռիսկի»,- նշել է Գրիգորյանը։
Բժիշկներն ամենից հաճախ բախվում են երիկամների գործառույթների աստիճանական անկման, որը քողարկվում է որպես խրոնիկական նեֆրիտ: Երբեմն զարգանում է հետորովայնամզի ֆիբրոզ՝ միզածորանների շուրջ խիտ շարակցական հյուսվածք, որը սեղմում է դրանք և հնարավոր է՝ հանգեցնում հիդրոնեֆրոզի: Նման փոփոխությունները հաճախ երկար ժամանակ չեն նկատվում, քանի որ ախտանիշները կարող են ոչ յուրահատուկ լինել՝ մեջքի ստորին հատվածի թույլ ցավ, հոգնածություն, միզարձակման աննշան խանգարումներ: Հազվադեպ դեպքերում ախտահարվում են միզապարկը կամ շագանակագեղձը, և այդ դրսևորումները հեշտությամբ կարելի է շփոթել խրոնիկական բորբոքման կամ նույնիսկ ուռուցքների հետ։
Ակնաբույժ Արաքս Դավթյանը նշել է, որ կլինիկական պրակտիկայում IgG4-ին առնչվող տեսողության օրգանի վնասվածքներն ավելի ու ավելի հաճախ են հայտնաբերվում համեմատաբար երիտասարդ բուժառուների շրջանում: Այդ հանգամանքը խնդիրն ավելի հրատապ է դարձնում, քանի որ հիվանդությունն անդրադառնում է երիտասարդների սոցիալական և մասնագիտական գործունեության ակտիվության փուլում։
Ակնաբուժության մեջ IgG4-ին առնչվող հիվանդություններն ամենից հաճախ դրսևորվում են որպես խրոնիկական ակնակապիճային բորբոքում: Նկատվում է արցունքային գեղձերի մեծացում, աչքերի շարժումներին մասնակցող մկանների հաստացում և տեսողական նյարդի վնասում: Այդ ամենն ուղեկցվում է այտուցով, ցավով, աչքի շարժունակության սահմանափակմամբ և նույնիսկ տեսողության սրության նվազմամբ: Նման դրսևորումները հաճախ շփոթվում են ուռուցքների կամ աուտոիմուն ակնակապիճային հիվանդությունների հետ, ինչը զգալիորեն բարդացնում է ախտորոշումը: Ահա թե ինչու է կարևոր նման դեպքերը դիտարկել բազմամասնագիտական եղանակով՝ ներգրավելով ռևմատոլոգների, ուռուցքաբանների և այլ մասնագետների:
Իմունային համակարգի բջիջները դուրս են գալիս վերահսկողությունից
Բժիշկ Անուշ Մարդյանը ներկայացրել է հիստիոցիտոզների մասին զեկույց՝ հիվանդություններ, որոնց դեպքում իմունային համակարգի բջիջները դուրս են գալիս վերահսկողությունից: Սովորաբար այդ բջիջներն օգնում են պայքարել վարակների դեմ և հեռացնել վնասված հյուսվածքը, բայց հիստիոցիտոզի դեպքում դրանք սկսում են անվերահսկելիորեն բազմանալ և կուտակվել օրգաններում և հյուսվածքներում:
Կախված հիվանդության ձևից՝ վնասվածքները կարող են խիստ բազմազան լինել: Որոշ բուժառուների շրջանում ոսկրային ներգրավում է նկատվում, ինչը դրսևորվում է ցավով, կոտրվածքներով կամ կմախքային ձևախեղումներով: Մյուսների շրջանում լյարդի, փայծաղի կամ թոքերի ախտահարում է նկատվում, ինչը հանգեցնում է դիսֆունկցիայի և խրոնիկական հոգնածության: Երբեմն բջիջները կուտակվում են մաշկի մեջ՝ առաջացնելով բծեր, կարծրացում կամ խոցեր, իսկ հազվագյուտ դեպքերում ախտահարվում է կենտրոնական նյարդային համակարգը՝ հանգեցնելով նյարդաբանական ախտանիշների:
Մարդոյանը պատմել է հիստիոցիտոզի տարբեր դրսևորումների ախտանիշների մասին, ներկայացրել իրական կլինիկական դեպքեր և մանրամասն քննարկել ախտորոշման և բուժման մոտեցումները: Նա ընդգծել է, որ ճիշտ ժամանակին ախտորոշումը կարևոր է, քանի որ հիվանդությունը դեռևս վատ է ուսումնասիրված և կարող է քողարկվել որպես այլ պաթոլոգիաներ: Երբ հիստիոցիտոզը հայտնաբերվում է վաղ, բուժումը սովորաբար հաջող է լինում. սակայն, Հայաստանում գործընթացը բարդանում է թիրախային թերապիայի բացակայության պատճառով, ինչը որոշ դեպքեր հատկապես դժվարացնում է բժիշկների և բուժառուների համար:
Պոլիխոնդրիտից մինչև VEXAS. բարդ դեպքերն մասնագետների ուշադրության կենտրոնում
Ալիսա Կիրակոսյանը ներկայացրել է կրկնվող պոլիխոնդրիտը, որը օրգանզիմի աճառային կառուցվածքները ոչնչացնող հազվագյուտ հիվանդություն է, և լուրջ կլինիկական մարտահրավերներ է առաջացնում: Դրանից անմիջապես հետո ծավալվել է սարկոիդոզի վերաբերյալ աշխույժ քննարկում, որտեղ թոքաբան Նունե Ազիզյանը, ռևմատոլոգ Լիլիթ Սևոյանը, ակնաբույժ Արաքս Դավթյանը և նյարդաբան Անուշ Գասպարյանը ներկայացրին իրենց դիտարկումները՝ քննարկելով այդ համակարգային հիվանդության ախտորոշման և բուժման բարդությունները։
Հաջորդ թեման նոր և հազվադեպ հանդիպող համախտանիշներն էին: Իլյա Սմիտենկոն լսարանին ներկայացրեց SAPHO համախտանիշը, որի դեպքում բորբոքային գործընթացները միաժամանակ ազդում են մաշկի, հոդերի և ոսկորների վրա: Վալենտինա Վարդանյանը պատմեց ավելի հազվադեպ VEXAS համախտանիշի մասին, որն առնչվում է գենետիկական մուտացիաների և համակարգային բորբոքման հետ, իսկ Սուսաննա Մանուկյանը ցուցադրեց ASIA համախտանիշի զարգացումը՝ օժանդակ adjuvant-ների (իմունային պատասխանը ուժեղացնելու համար օգտագործվող նյութերի միացություն կամ համալիր -խմբ.) և պատվաստանյութերի նկատմամբ իմունային պատասխանը, որը կարող է բավականին անսպասելիորեն դրսևորվել:
Օրվա երկրորդ կեսին քննարկումը տեղափոխվել է բարդ կլինիկական դեպքերի վրա: Վալենտինա Վարդանյանը ներկայացրեց Միջերկրածովյան տենդի ոչ տիպական դրսևորումները, իսկ Վահան Մուկուչյանը՝ Բեխչետի հիվանդության (մարմնի տարբեր հատվածներն ախտահարող բորբոքային բնույթի հիվանդություն -խմբ) ուսումնասիրության հեռանկարներն առաջիկա տարիներին: Քննարկումը արագորեն վերածվեց ռևմատոլոգների, ակնաբույժների և նյարդաբանների միջև կարծիքների աշխույժ փոխանակման: Վերջին նիստը պանելային քննարկում էր, որտեղ փորձագետները հաղորդակից դարձրին իրենց փորձը, քննարկեցին ախտորոշման դժվարությունները և բուժման ռազմավարություններ մշակեցին ամենախրթին դեպքերի համար:
MedMeet 2025–ի շրջանակում Հազվադեպ հանդիպող հիվանդություններ գիտաժողովը դարձավ իսկական հարթակ հայ և միջազգային փորձագետների միջև փորձի փոխանակման համար: Բժիշկները նշեցին, որ միայն տարբեր մասնագիտությունների գիտելիքները համատեղելով կարող են ավելի մոտենալ հիվանդների առողջությանը և կյանքին սպառնացող հազվադեպ հիվանդությունների առեղծվածի լուծմանը:
