Մինչև 2050 թվականը քաղցկեղից մահացությունների թիվը ամբողջ աշխարհում կաճի գրեթե 75%-ով. հետազոտություն

12:38   26 սեպտեմբերի, 2025

Ակնկալվում է, որ մինչև 2050 թվականը քաղցկեղից կմահանա 18,6 միլիոն մարդ, իսկ նոր դեպքերի թիվը այդ ընթացքում կհասնի 30,5 միլիոնի, ասվում է «Lancet» բժշկական ամսագրում հրապարակված հետազոտության մեջ։ Ամենից շատ կտուժեն ցածր եկամուտ ունեցող երկրները։

Նրանց բաժին կհասնի քաղցկեղի նոր դեպքերի ավելի քան կեսը և մահերի երկու երրորդը հաջորդ 25 տարիների ընթացքում, կանխատեսում են գիտնականները, հայտնում է DW-ն։

1990-ից մինչև 2023 թվականն ընթացած հետազոտության մեջ դիտարկվել է քաղցկեղի 47 տեսակ։

Գիտնականները պնդում են, որ այսօր քաղցկեղից մահերի ավելի քան 40%-ը կապված է 44 «փոփոխելի» ռիսկի գործոնների հետ, ինչպիսիք են ծխելը, անառողջ սննդակարգը և արյան մեջ շաքարի բարձր մակարդակը։

Իրավիճակը շրջելու համար հետազոտողները կոչ են արել բարելավել քաղցկեղի ավելի օպերատիվ և ճշգրիտ ախտորոշումը, որակյալ բուժումը և աջակցող խնամքին հասանելիությունը, հատկապես ցածր եկամուտ ունեցող երկրներում։



© NEWS.am Medicine