Մինչև 2050 թվականն ամբողջ աշխարհում երիկամների քաղցկեղի դեպքերի թիվը կարող է կրկնապատկվել. European Urology

18:10   27 սեպտեմբերի, 2025

Հետազոտողները զգուշացնում են, որ մինչև 2050 թվականն ամբողջ աշխարհում երիկամների քաղցկեղի դեպքերի թիվը կարող է կրկնապատկվել։

Ըստ վերջին վերլուծության՝ 2022 թվականին գրանցվել է երիկամների քաղցկեղով հիվանդացության մոտ 435 հազար նոր դեպք և 156 հազար մահ։ Եթե ներկայիս միտումները շարունակվեն, դարի կեսերին դեպքերի թիվը զգալիորեն կաճի։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են European Urology բժշկագիտական  հանդեսում:

Հիմնական ռիսկի գործոններն են ճարպակալումը, ծխելը, ֆիզիկական անգործությունը, շաքարախտը և հիպերտոնիան (արյան բարձր ճնշումը)։ Ճարպակալումը կապված է ներքին օրգանների շուրջ ճարպի կուտակման հետ, որը կարող է խրոնիկական բորբոքում առաջացնել և մեծացնել քաղցկեղի առաջացման վտանգը։ Շաքարախտը և հիպերտոնիան ևս ազդում են երիկամների վրա՝ լրացուցիչ ծանրաբեռնվածություն ստեղծելով օրգանի վրա և մեծացնելով ուռուցքի զարգացման հավանականությունը։

Fox Chase Cancer Center կենտրոնի գիտնականները նշում են, որ երիկամների քաղցկեղի դեպքերի կեսից ավելին կարելի է կանխել կենսակերպի փոփոխությունների միջոցով։ Հիմնական հանձնարարականներն են՝ առողջ քաշի պահպանումը, կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը, ծխելը թողնելը և արյան մեջ շաքարի և արյան ճնշման վերահսկումը։

Ավելին, գենետիկական թեստավորումը կարող է օգտակար լինել երիկամների քաղցկեղի ժառանգական ձևերը հայտնաբերելու համար: Օրինակ, եթե քաղցկեղը զարգանում է երիտասարդ տարիքում կամ ազդում է երկու երիկամների վրա, դա կարող է վկայել գենետիկ նախատրամադրվածության մասին: Նման դեպքերում վաղ ախտորոշումը հնարավորություն է տալիս մոնիթորինգ և, անհրաժեշտության դեպքում, ժամանակին միջամտություն անել՝ մեծացնելով հաջող բուժման հնարավորությունները։

Երիկամի քաղցկեղը ներառում է մի քանի տեսակներ, բայց ամենատարածվածը երիկամաբջջային քաղցկեղն է, որը զարգանում է երիկամային խողովակներում: Ախտանիշները հաճախ ի հայտ են գալիս ուշ փուլերում և կարող են մեզի մեջ արյուն, մեջքի ստորին հատվածի ցավ, անհասկանալի քաշի կորուստ կամ հոգնածություն ներառել: Հետևաբար, կանխարգելումը և կանոնավոր բժշկական զննումները կարևոր են։

Հետազոտությունն ընդգծում է, որ երիկամների քաղցկեղի աճող դեպքերը ոչ միայն բժշկական, այլև հանրային առողջապահության խնդիր են: Ռիսկի գործոնների վերահսկումը և հանրային իրազեկվածության բարձրացումը կարող են զգալիորեն նվազեցնել քաղցկեղի այս տեսակի դեպքերը և մահացությունը ապագայում:



© NEWS.am Medicine