Գիրությունը նույնքան լուրջ խնդիր է, որքան ծխե՞լը

22:36   6 նոյեմբերի, 2014

Ծխախոտի ծուխը բացասաբար է ազդում մարդու միզասեռական համակարգի վրա եւ կարող է մի շարք լուրջ խնդիրներ առաջացնել, որոնց թվում է, օրինակ, միզապարկի քաղցկեղը: Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ուրոլոգ Կարո Դերձակյանն (Կալիֆորնիա) է նշել, միզասեռական համակարգի համար գիրությունը նույնչափ վնասակար եւ վտանգավոր է, որքան ծխելը:

Պարզվում է, ավելորդ քաշը մի շարք խնդիրներ առաջացման ռիսկային գործոններից մեկն է: Օրինակ, սթրեսային անմիզապահության գլխավոր ռիսկային գործոններից մեկը հենց ճարպակալումն է. կանայք, ում մարմնի զանգվածի ինդեքսը 30 եւ ավելի է, ավելի հաճախ են այս խնդրի հետ առնչվում, քան նրանք, ում քաշը նորմայի սահմաններում է:

Տղամարդկանց դեպքում ճարպակալումը կարող է պոտենցիայի հետ կապված խնդիրներ առաջացնել, ինչպես նաեւ դժվարեցնել շագանակագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերումը:

Նշված եւ շատ այլ խնդիրներից խուսափելու եւ առողջ լինելու համար ուրոլոգը խորհուրդ է տալիս ֆիզիկական վարժություններ անել կամ զբոսնել ամեն օր՝ դա, նրա խոսքով, օգտակար է ոչ միայն ընդհանուր առողջության համար, այլեւ՝ միզասեռական համակարգի համար:

Ճիշտ սնունդը, նրա խոսքով, նույնպես շատ կարեւոր է: Կարո Դերձակյանը իհարկե սննդակարգի մասնագետ չէ, բայց համաձայն է այն կարծիքի հետ, որ վերամշակված եւ չափազանց շատ աղ պարունակող, ճարպոտ սնունդը վնասակար է, իսկ թարմ բանջարեղենը եւ մրգերը դրական են ազդում ողջ օրգանիզմի եւ մասնավորապես վերարտադրողական համակարգի վրա:



© NEWS.am Medicine