08:38 2 հոկտեմբերի, 2025Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ հերթափոխային աշխատանքի և երիկամների քարերի առաջացման ռիսկի բարձրացման միջև փոխադարձ կապ կա, և այդ ազդեցությունը մասամբ պայմանավորված է կենսակերպով:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Mayo Clinic Proceedings բժշկագիտական հանդեսում:
Գիտնականները վերլուծել են Մեծ Բրիտանիայի կենսաբանկի ավելի քան 220 հազար մասնակիցների տվյալները միջինը 13,7 տարվա ընթացքում՝ որոշելու համար, թե ինչպես են տարբեր հերթափոխային աշխատանքային ռեժիմները (գիշերային, անկանոն) ազդում երիկամների քարերի զարգացման վրա:
Արդյունքները ցույց են տվել, որ հերթափոխով աշխատողների երիկամների քարերի զարգացման ռիսկը ցերեկային աշխատողների համեմատ 15%-ով ավելի բարձր են: Այդ կապը հատկապես ցայտուն է երիտասարդ աշխատողների և նրանց շրջանում, որոնց մասնագիտությունը ֆիզիկական աշխատանք չի ներառում:
Հետազոտողները միաժամանակ օգտագործել են միջնորդության վերլուծություն՝ գնահատելու համար, թե որ կենսակերպի գործոնները կարող են բացատրել այդ կապը: Պարզվել է, որ մի շարք գործոններ, մասնավորապես՝ մարմնի զանգվածի ինդեքսը, հեղուկի անբավարար ընդունումը, ծխելը և քնի խանգարումները, մասամբ նպաստում են հերթափոխային աշխատանքի ազդեցությանը քարերի առաջացման ռիսկի վրա:
Ուշագրավ է, որ հերթափոխային աշխատանքի երկար պատմություն ունեցող մարդիկ քարերի առաջացման փոքր-ինչ ավելի ցածր ռիսկ ունեն, քան նրանք, ովքեր վերջերս են սկսել նման աշխատանք: Դա կարող է պայմանավորված լինել «առողջ աշխատողի ազդեցությամբ» կամ օրգանիզմի ռեժիմին հարմարվելով, սակայն դա հետագա հետազոտություն է պահանջում։
Քարերը երիկամում տարածված միզաբանական խանգարում է, որի տարածվածությունը աշխարհի տարբեր շրջաններում գնահատվում է 1%-13%։ Դրանք կապված են սրտանոթային հիվանդությունների, խրոնիկական երիկամային հիվանդության և երիկամային անբավարարության ռիսկի բարձրացման հետ։ Քարերի առաջացումը կախված է բազմաթիվ գործոններից՝ ժառանգականությունից, սննդակարգից, ֆիզիկական ակտիվությունից, մարմնի զանգվածի ինդեքսից և այլ սովորություններից։
Հեղինակների կարծիքով, հերթափոխով աշխատանքը ռիսկը մեծացնող հիմնական մեխանիզմներից մեկը ցիրկադային ռիթմերի (օրգանիզմի քնի և արթունության հերթափոխումը կարգավորող՝ 24 ժամը մեկ կրկնվող բնական գործընթաց -խմբ) խանգարումն է։ Այդ ռիթմերը կարգավորում են նյութափոխանակությունը, հորմոնալ ակտիվությունը և օրգանիզմում ջրի ու աղերի հավասարակշռությունը, որոնք բոլորն էլ ազդում են քարերի առաջացման համար բարենպաստ պայմանների վրա։
Հետազոտողներն ընդգծում են կանխարգելիչ միջոցառումների կարևորությունը. հերթափոխով աշխատողները պետք է պահպանեն առողջ քաշ, խմեն ավելի շատ հեղուկներ, վերահսկեն իրենց քնի ռեժիմը, կրճատեն նստակյաց ժամանակը և թողնեն ծխելը։ Աշխատավայրերում կարող են իրականացվել կրթական ծրագրեր և ճկուն ժամանակացույց՝ երիկամների առողջության վրա հերթափոխով աշխատանքի վնասը նվազեցնելու նպատակով։