Կետո դիետան 70%-ով նվազեցնում է դեպրեսիայի ախտանիշները․ Translational Psychiatry

12:43   2 հոկտեմբերի, 2025

Օհայոյի նահանգի համալսարանի գիտնականները ցույց են տվել, որ կետոգեն դիետա պահելը 10–12 շաբաթվա ընթացքում կարող է զգալիորեն նվազեցնել դեպրեսիայի դրսևորումները։ Աշխատանքը հրապարակվել է «Translational Psychiatry» ամսագրում։

Փորձին մասնակցել են դեպրեսիվ խանգարում ախտորոշված 24 ուսանողներ, որոնցից 16-ը ամբողջությամբ ավարտել են ծրագիրը։ Նրանք բոլորը շարունակում էին ստանալ ստանդարտ բուժում՝ խորհրդատվություն կամ դեղորայք, նաև լրացուցիչ հետևում էին մանրակրկիտ մշակված ցածր ածխաջրածնային դիետայի (օրական 50 գրամից պակաս ածխաջրեր, չափավոր քանակությամբ սպիտակուց և շեշտը դրված էր օգտակար ճարպերի վրա, ինչպիսիք են ձիթապտղի յուղը, ընկույզը և ձուկը)։

Արդյունքները տպավորիչ էին. ինքնագնահատականների և կլինիկական սանդղակների համաձայն՝ դեպրեսիայի արտահայտվածությունը նվազել է մոտ 70%-ով։ Հետազոտության ավարտին մասնակիցների մոտ չէին մնացել չափավոր կամ ծանր դեպրեսիայի նշաններ։ Բացի այդ, ուսանողների մեծ մասը կորցրել է միջինում 5 կգ քաշ, բարելավվել են կոգնիտիվ թեստերի ցուցանիշները, իսկ BDNF սպիտակուցի (որը կարևոր է նեյրոնների առողջության համար) մակարդակը աճել է 32%-ով։

Գիտնականները նշում են, որ էֆեկտը չի բացատրվում միայն քաշի նվազեցմամբ կամ արյան մեջ կետոնների մակարդակի բարձրացմամբ․ դիետայի դրական ազդեցությունը տրամադրության վրա կարող է կապված լինել ավելի բարդ նյութափոխանակային գործընթացների հետ, ներառյալ բորբոքման նվազեցումը և էներգափոխանակության բարելավումը։

«Մենք այստեղ իրական ներուժ ենք տեսնում՝ ավելի շատ մարդկանց օգնելու համար, քան հնարավոր է ավանդական մոտեցումներով», - նշել է հոգեբույժ Ռայան Պատելը։



© NEWS.am Medicine