Քուն և սեռ. Ինչո՞ւ են կանայք ավելի պաշտպանված ուղեղի ատրոֆիայից, քան տղամարդիկ

08:23   22 հոկտեմբերի, 2025

«Nature Communications» ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տալիս, որ REM քնի մեկուսացված վարքային խանգարում (iRBD) ունեցող կանայք զգալիորեն ավելի քիչ ուղեղային ատրոֆիա (ուղեղի կեղևային շերտի հաստության նվազում) են ցուցաբերում՝ համեմատած տղամարդկանց հետ, չնայած համեմատելի կլինիկական դրսևորումներին։

iRBD-ն բնութագրվում է նրանով, որ մարդիկ բառացիորեն «իրականացնում են» իրենց երազները․ REM քնի ժամանակ նրանք կատարում են մարմնի կտրուկ շարժումներ, ինչը երկար ժամանակ համարվում է անվնաս, բայց այժմ հայտնի է, որ դա նեյրոդեգեներատիվ հիվանդությունների (օրինակ՝ Պարկինսոնի հիվանդություն, Լևիի մարմիններով դեմենցիա կամ մուլտիսիստեմային ատրոֆիա) վաղ և հավաստի նշաններից մեկն է։

Միջազգային լայնածավալ հետազոտությանը մասնակցել է մոտ 700 մարդ․ թիմը վերլուծել է 888 ՄՌՏ սկանավորումներ՝ Կանադայի, Չեխիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ավստրալիայի, Դանիայի և Իտալիայի ինը կենտրոններից։ Տվյալների որակի ստուգումից հետո վերջնական վերլուծության մեջ ներառվել է 687 մասնակից՝ 343-ը iRBD-ով և 344-ը՝ առողջ։

Արդյունքները տպավորիչ են եղել. iRBD ունեցող տղամարդկանց մոտ ուղեղի կեղևի զգալի ատրոֆիա է հայտնաբերվել կեղևային շրջանների 37%-ում, մինչդեռ կանանց մոտ՝ այդպիսի շրջանների ընդամենը 1%-ում։ Ընդ որում, մասնակիցների միջին տարիքը մոտ 67 տարի է եղել և թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք ունեցել են նմանատիպ կլինիկական բնութագրեր։

Գիտնականները պարզել են, որ կանանց մոտ պաշտպանված ուղեղի հատվածներն ունեն գեների բարձր էքսպրեսիա, որոնք կապված են էստրոգենային ընկալիչների հետ (օրինակ՝ ESRRG և ESRRA)։ Այս գեները, հատկապես ESRRG-ն, մասնակցում են միտոքոնդրիումների աշխատանքին, էներգիայի արտադրությանը և դոֆամինային նեյրոնների գոյատևմանը․ հենց այս նեյրոններն են մահանում Պարկինսոնի հիվանդության ժամանակ։

Հետազոտության հեղինակները ընդգծում են, որ նման պաշտպանիչ մեխանիզմների բացահայտումը կարևոր է ոչ միայն կլինիկական փորձարկումներում սեռը որպես կենսաբանական փոփոխական հասկանալու համար, այլև ճանապարհ է բացում դեպի անհատականացված բժշկություն, որտեղ բուժումը կարող է հաշվի առնել հիվանդի սեռը և գեների արտահայտման առանձնահատկությունները։

Հետազոտությունը ցույց է տալիս, որ iRBD ունեցող կանայք առավելություն ունեն ուղեղի «պաշտպանության» հարցում նույնիսկ նեյրոդեգեներացիայի վաղ փուլում և դա հասկանալը կարող է բանալի դառնալ նոր թերապիաների մշակման, ինչպես նաև REM-քնի և ուղեղի դեգեներացիայի հետ կապված հիվանդությունների կանխարգելման և բուժման ավելի ճշգրիտ մոտեցումների համար։



© NEWS.am Medicine