12:42 22 հոկտեմբերի, 2025Նոր ուսումնասիրությունը, որը հրապարակվել է Frontiers in Nutrition գիտական ամսագրում, կասկածի տակ է դրել այն տարածված կարծիքը, թե յոգուրտը կարող է հուսալիորեն պաշտպանել ոսկորները կոտրվածքներից։
Վերլուծելով ավելի քան մեկ տասնյակ կլինիկական և դիտորդական հետազոտությունների տվյալները՝ գիտնականները եկել են այն եզրակացության, որ թեև յոգուրտի օգտագործումն իսկապես կապված է ոսկրերի հանքային խտության բարելավման և ոսկրային հյուսվածքի ընդհանուր վիճակի հետ, սակայն համոզիչ ապացույցներ այն մասին, որ այդ մթերքը նվազեցնում է կոտրվածքների ռիսկը, դեռևս գոյություն չունեն։
Հետազոտողները նշում են, որ յոգուրտն ու կաթնամթերքի այլ ֆերմենտացված մթերքները հարուստ են կալցիումով, սպիտակուցներով, կալիումով, ցինկով և B խմբի վիտամիններով, որոնք կարևոր են ոսկրային հյուսվածքի նյութափոխանակության համար։ Սակայն, վերլուծության մեջ ներառված աշխատանքների մեծ մասը չի կարողացել հաստատել կայուն վիճակագրական կապ յոգուրտի կանոնավոր օգտագործման և տարեց մարդկանց մոտ կոտրվածքների հավանականության նվազեցման միջև։ Որոշ դեպքերում դրական ազդեցությունը նկատվել է միայն առանձին տարիքային կամ սեռային խմբերում, իսկ մյուսներում՝ բացակայել է։
Հետազոտության գլխավոր հեղինակ, Կորկի Իռլանդական համալսարանի դոկտոր Շերոն Քեթը շեշտել է, որ «յոգուրտը կարելի է համարել ռացիոնի օգտակար բաղադրիչ ոսկրերի առողջությունը պահպանելու համար, սակայն մինչ օրս ապացույցներ չկան, որ այն կոտրվածքների դեմ արտահայտված պաշտպանիչ ազդեցություն ունի»։
Նա հավելել է, որ ստացված արդյունքներն ավելի շուտ խոսում են սննդային օգուտի, քան թերապևտիկ ազդեցության մասին։
Գիտնականները նաև ուշադրություն են հրավիրել ավելի լայնածավալ և երկարաժամկետ փորձարկումներ անցկացնելու անհրաժեշտության վրա՝ հասկանալու համար, թե յոգուրտի օգտագործման հաճախականությունն ու տեսակը ինչպես են ազդում ոսկրերի խտության, հորմոնալ ֆոնի և օրգանիզմում կալցիումի մակարդակի վրա։
Ընդհանուր առմամբ, ուսումնասիրության տվյալներով, յոգուրտը մնում է ոսկրերի առողջությանը նպաստող սննդանյութերի արժեքավոր աղբյուր, սակայն դրա ազդեցությունը բավարար չէ կոտրվածքներից հուսալի պաշտպանության համար։