12:40 30 հոկտեմբերի, 2025Բորբոսնած ընկույզներում առկա աֆլատոքսինները կարող են բարձրացնել քաղցկեղի զարգացման ռիսկը և վնասել ԴՆԹ-ն։ Այս մասին The Conversation պարբերականինհայտնել է Կոլորադոյի պետական համալսարանի կենսաբժշկական ճարտարագիտության և հանրային առողջապահության պրոֆեսոր Բրեդ Ռայսֆելդը։
Մասնագետի խոսքով՝ բուսական ծագման շատ մթերքներ փչանում են սնկերի պատճառով, որոնք առաջացնում են կանաչ, դեղին, սև կամ սպիտակ բորբոս։ Այս միկրոօրգանիզմները հաճախ արտադրում են թունավոր նյութեր՝ միկոտոքսիններ։
Դրանցից առավել վտանգավոր են աֆլատոքսինները, որոնք արտադրում են Aspergillus flavus և A. parasiticus սնկերը։ Դրանք հաճախ վնասում են եգիպտացորենի հատիկները, բրինձը, սորգոն և գետնանուշը։ Աֆլատոքսիններն առաջացնում են միացություններ, որոնք ունակ են կապվել ԴՆԹ-ի հետ և մուտացիաներ առաջացնել։ Փորձագետը նաև նշում է, որ աֆլատոքսինները հզոր քաղցկեղածիններ են։ Դրանց օգտագործումը բարձրացնում է լյարդի վնասման և քաղցկեղի զարգացման ռիսկը, հատկապես B հեպատիտով մարդկանց մոտ։
«Վտանգավոր պաթոգենների մեկ այլ խումբ են Fusarium ցեղի սնկերը, որոնք վնասում են ցորենը, գարին և եգիպտացորենը։ Դրանք արտադրում են տրիխոցեններ և ֆումոնիզին B1՝ նյութեր, որոնք կարող են գրգռել մարսողական ուղին և ժամանակի ընթացքում վնասել լյարդն ու երիկամները», - պարզաբանում է Ռայսֆելդը։
Փորձագետն ընդգծում է, որ աֆլատոքսինների ազդեցության անվտանգ մակարդակ գոյություն չունի։ Այդ իսկ պատճառով, բորբոսի նշաններ, գունազրկում, կնճռոտվածություն կամ բորբոսնած հոտ ունեցող մթերքները պետք է անպայման դեն նետել։