Մալդիվներում ուժի մեջ է մտել ծխելու արգելքը բոլոր նրանց համար, ովքեր ծնվել են 2007թ. հունվարից հետո

22:54   1 նոյեմբերի, 2025

Մալդիվները շաբաթ օրն արգելք է սահմանել բոլոր նրանց համար, ովքեր ծնվել են 2007թ. հունվարից հետո՝ դառնալով միակ երկիրը, որտեղ ծխախոտի արգելքը տարածվում է սերնդի վրա, տեղեկացրել է AFP-ն՝ հղում կատարելով առողջապահության նախարարությանը։

Այս քայլը, որը նախաձեռնել է նախագահ Մոհամեդ Մուիզուն այս տարի ավելի վաղ եւ ուժի մեջ է մտել նոյեմբերի 1-ին, կոչված է «պաշտպանել բնակչությանը եւ նպաստել ծխախոտից ազատ սերնդի դաստիարակությանը», հայտարարել է նախարարությունը։ «Նոր որոշման համաձայն՝ 2007թ․հունվարի 1-ին կամ դրանից հետո ծնված անձանց արգելվում է ձեռք բերել, օգտագործել կամ վաճառել ծխախոտի արտադրանք Մալդիվներում,- նշվել է հայտարարությունում։- Արգելքը տարածվում է ծխախոտի բոլոր տեսակների վրա, եւ մանրածախ վաճառականները պարտավոր են հաստատել տարիքը վաճառքից առաջ»։

Այս միջոցը   տարածվում է երկրի այցելուների վրա։ Նախարարությունը հայտնել է, որ պահպանվում է նաեւ էլեկտրոնային սիգարետների եւ վեյփինգի համար անհրաժեշտ նյութերի ներմուծման, վաճառքի, տարածման, պահպանման եւ օգտագործման համապարփակ արգելքը, որը կիրառվում է բոլոր անձանց նկատմամբ՝ անկախ տարիքից։ Ծխախոտի արտադրանքի վաճառքը անչափահասներին կհանգեցնի 50 հազար ռուփի (3 200 դոլար) տուգանքի, իսկ վեյփի օգտագործումը՝ 5 000 ռուփի (320 դոլար) տուգանքի։

Սերունդներին վերաբերող նմանատիպ արգելք, որն առաջարկվել է Մեծ Բրիտանիայում, դեռեւս օրենսդրական ընթացակարգ է անցնում, մինչդեռ Նոր Զելանդիան, որն առաջին երկիրն էր, որն ընդունել է նման օրենք ծխելու դեմ, չեղարկել է այն 2023թ. նոյեմբերին, այն մտցնելուց մոտ մեկ տարի հետո։



© NEWS.am Medicine