Նարնջի հյութի ամենօրյա օգտագործումը ազդում է սրտի առողջության հետ կապված գեների ակտիվության վրա․ MNFR

17:36   13 նոյեմբերի, 2025

Գիտնականները հայտնաբերել են, որ նարնջի հյութի ամենօրյա մեկ բաժակը կարող է ավելին անել, քան թվում է առաջին հայացքից. այն ունակ է «նրբորեն կարգավորել» հազարավոր գեների ակտիվությունը, որոնք կապված են արյան ճնշման, նյութափոոխանակության և անոթների առողջության հետ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Molecular Nutrition & Food Research ամսագրում։

Հետազոտողների խումբը վերլուծել է 20 առողջ չափահասներից բաղկացած մի խումբ (10 տղամարդ և 10 կին, 21–36 տարեկան), որոնք 60 օրվա ընթացքում ամեն օր խմել են 500 մլ պաստերիզացված նարնջի հյութ, բաժանելով չափաբաժինը երկու ընդունման և նախապես՝ մեկնարկից երեք օր առաջ, հրաժարվել էին ցիտրուսային մրգերից։

Արյան և առանձնացված իմունային բջիջների վերլուծությունը ցույց է տվել, որ կուրսից հետո մասնակիցների մոտ փոխվել է մոտավորապես 1705 կոդավորող գեների և հազարավոր չկոդավորող ՌՆԹ-ների ակտիվությունը։ Այս ամենը տեղի է ունեցել այն բջիջների մի մասում, որոնք պատասխանատու են իմունիտետի, լիպիդների փոխանակության և բորբոքային գործընթացների համար։ Այս գենային փոփոխությունները վերաբերում են այն ուղիներին, որոնք կապված են զարկերակային ճնշման վերահսկման, ճարպերի նյութափոխանակության և նույնիսկ միտոքոնդրիումների՝ բջիջների «էներգիայի կայանների» գործունեության հետ։

Հետաքրքիր է, որ ազդեցությունը կախված էր մարմնի զանգվածի ինդեքսից (ՄԶԻ)՝ նորմալ քաշ ունեցող մասնակիցների մոտ ավելի ցայտուն էին փոխվում բորբոքման հետ կապված գեները, մինչդեռ ավելորդ քաշ ունեցող անձանց մոտ փոփոխություններն ավելի շատ առնչվում էին լիպիդների նյութափոխանակության և ճարպի կուտակման ուղիներին։

Հեղինակները շեշտում են, որ չնայած բազմախոստում տվյալներին, դեռևս չի կարելի համարել, որ մեկ բաժակ հյութը փոխարինում է լիարժեք դիետային կամ ֆիզիկական ակտիվության սովորությանը։ Հետազոտությունն ունի բնութագրողական բնույթ (առանց խմիչքի վերահսկիչ խմբի) և պահանջում է հետագա ստուգումներ իրականացնել ավելի մեծ ընտրանքների վրա և կլինիկական արդյունքներով։

Ի վերջո, նարնջի հյութը մնում է հաճելի և պոտենցիալ օգտակար հավելում սննդակարգին, հատկապես, եթե դուք հետևում եք սրտի և անոթների առողջությանը։ Սակայն հիվանդություններից լիարժեք պաշտպանվելու բանալին համալիր մոտեցումն է՝ սնունդ, շարժում և կանոնավոր բուժզննումներ։



© NEWS.am Medicine