18:48 18 նոյեմբերի, 2025ԱՄՆ-ում գիտնականները գտել են հաստ աղիքի քաղցկեղի վաղ շրջանի դեպքերի կտրուկ աճի հնարավոր բացատրությունը. հիվանդություն, որն ավելի ու ավելի հաճախ է ախտորոշվում 50 տարեկանից փոքր մարդկանց շրջանում: Պարզվում է, որ գերմշակված սննդի մեծ քանակությամբ օգտագործումը կարող է զգալիորեն մեծացնել ադենոմաների՝ հաստ աղիքի քաղցկեղի վաղ շրջանի նախորդներ համարվող պոլիպների զարգացման վտանգը: Հետազոտությունը հրապարակվել է JAMA Oncology բժշկագիտական հանդեսում:
Մասաչուսեթսի ընդհանուր պրոֆիլի հիվանդանոցի հետազոտության հեղինակները վերլուծել են Nurses' Health Study II երկարատև նախագծի մոտ 30 հազար մասնակցի տվյալները: Բոլոր մասնակիցները մինչև 50 տարեկանը պարբերաբար ենթարկվել են էնդոսկոպիկ հետազոտությունների և չորս տարին մեկ մանրամասն սննդային հարցաթերթիկներ են լրացրել:
Պարզվել է՝ կանայք, որոնք օրական միջինում սպառում էին գերմշակված սննդի 10 բաժին, 45%-ով ավելի բարձր ռիսկ ունեին ադենոմաների զարգացման համար, քան նրանք, ովքեր սահմանափակվում էին մոտավորապես երեք բաժնով: Նման սննդամթերքներն են պատրաստի կերակուրները, քաղցրավենիքը, նախուտեստները, կիսաֆաբրիկատները և շաքարի, աղի, հագեցած ճարպերի և սննդային հավելումների մեծ քանակություն պարունակող ըմպելիքները:
«Մեր արդյունքները հաստատում են գերմշակված սննդի սպառման կրճատման կարևորությունը՝ որպես վաղ հաստ աղիքի քաղցկեղի աճող բեռը նվազեցնելու միջոց»,- նշել է հետազոտության ղեկավար, Մասաչուսեթսի Բրիգամի (Mass General Brigham)և կանանց քաղցկեղի կենտրոնի գաստրոէնտերոլոգ Էնդրյու Չանը։
Ըստ նրա` կապը, կարծես, գործնականում գծային է. մարդ որքան շատ է ուտում նման սնունդ, այնքան մեծ է պոլիպների զարգացման հավանականությունը։
Ընդհանուր առմամբ, հետազոտողները հայտնաբերել են նախաքաղցկեղային վնասվածքների 2787 դեպք։ Սակայն, գերմշակված սննդի հետ կապ նկատվել է միայն այսպես կոչված «դասական» ադենոմաների՝ պոլիպների դեպքում, որոնք հատկապես հաճախ նախորդում են վաղ քաղցկեղին։ Նման կապ չի հայտնաբերվել ավելի դանդաղ աճող պոլիպի մի այլ տեսակի համար։
Նույնիսկ այլ ռիսկի գործոններ՝ մարմնի զանգվածի բարձր ինդեքսը, 2-րդ տիպի շաքարախտը և մանրաթելերի քիչ ընդունումը հաշվի առնելով՝ գերմշակված սննդի և ադենոմաների միջև կապը պահպանվել է։ Ընդսմին, սննդակարգը չի բացատրում վաղ հաստ աղիքի քաղցկեղի բոլոր դեպքերը, և հետազոտողները շարունակում են լրացուցիչ, մասնավորապես՝ մոլեկուլային և գենետիկական պատճառներ փնտրել։