08:38 19 նոյեմբերի, 2025Nigella sativa կամ սև քիմիոնը լավ ծանոթ է որպես համեմունք, որը հագեցած համ է հաղորդում հնդկական ուտեստներին, ինչպիսիք են՝ քորման կամ փանիրը։ Սակայն ավանդական բժշկության մեջ դրա սերմերն արդեն հազարավոր տարիներ օգտագործվում են որպես բուժիչ միջոց՝ շնորհիվ իրենց արտահայտված հակաբորբոքային և հակաօքսիդանտ հատկությունների։ Այժմ Օսակայի համալսարանի թիմի կողմից անցկացված կլինիկական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն կարող է նաև նկատելի ազդեցություն ունենալ ճարպակալման դեմ։
Նոր ուսումնասիրության մասին հոդվածը հրապարակվել է Wiley Online Library ամսագրում։
Գիտնականները՝ դոցենտ Ակիկո Կոձիմա-Յուասայի ղեկավարությամբ, անցկացրել են ինչպես բջջային մակարդակի փորձեր, այնպես էլ մարդկանց մասնակցությամբ փորձարկումներ։ Հետազոտության կլինիկական մասում կամավորները ութ շաբաթվա ընթացքում օրական օգտագործել են մոտ հինգ գրամ սև քիմիոնի սերմի փոշի՝ մոտավորապես մեկ ճաշի գդալ։ Այդ ընթացքում նրանց մոտ զգալիորեն նվազել են տրիգլիցերիդների, «վատ» ցածր խտության լիպոպրոտեինային խոլեստերինի և ընդհանուր խոլեստերինի մակարդակները, իսկ «լավ» բարձր խտության լիպոպրոտեինային խոլեստերինի պարունակությունը, ընդհակառակը, աճել է։
Արյան լիպիդային պրոֆիլի նման բարելավումը սովորաբար կապված է սիրտ-անոթային հիվանդությունների և վաղաժամ մահվան ավելի ցածր ռիսկի հետ։ Հասկանալու համար, թե կոնկրետ որ գործընթացներն են դրա համար պատասխանատու, հետազոտողներն անցկացրել են լրացուցիչ բջջային փորձեր։ Նրանք բացահայտել են, որ սև քիմիոնի էքստրակտը ճնշում է ադիպոգենեզը՝ ճարպային բջիջների ձևավորումը և հասունացումը, խոչընդոտելով ճարպային կաթիլների կուտակմանը և արգելափակելով ճարպային հյուսվածքի նախնիների դիֆերենցումը։
Պրոֆեսոր Կոջիմա-Յուասայի խոսքով՝ արդյունքները հստակորեն ենթադրում են, որ սև քիմիոնը կարող է համարվել ֆունկցիոնալ սնունդ, որը օգնում է կանխել ճարպակալումը և կենսակերպի հետ կապված հիվանդությունները: