18:44 25 նոյեմբերի, 2025JAMA Network Open-ում հրապարակված նոր հետազոտությունը պարզել է, որ օրաբաժնում խիստ վերամշակված սննդի մասնաբաժնի ավելացումը զգալիորեն մեծացնում է նախադիաբետի առաջացման ռիսկը երիտասարդ չափաահասների շրջանում: Հատկապես խոցելի են նրանք, ովքեր դեռահասության տարիներին ավելորդ քաշ կամ ճարպակալում են ունեցել:
Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Քեքի բժշկական դպրոցի (Keck School of Medicine) գիտնականները մոտ չորս տարի հետևել են 17-22 տարեկան 85 մարդկանց: Նրանք պարբերաբար հավաքել են սննդային տվյալներ՝ օգտագործելով 24-ժամյա «սննդի հիշողություններ» և գնահատել գլյուկոզի նյութափոխանակությունը, ներառյալ գլյուկոզի հանդուրժողականության թեստը, գլիկացված հեմոգլոբինի մակարդակը և ինսուլինի նկատմամբ զգայունությունը:
Վերլուծությունը ցույց է տվել, որ նույնիսկ գերմշակված սննդի սպառման համեմատաբար փոքր աճը՝ ընդամենը 10 տոկոսը, կապված է նախադիաբետի առաջացման ռիսկի կտրուկ աճի, ինչպես նաև օրգանիզմի կողմից գլյուկոզը պատշաճ կերպով օգտագործելու ունակության զգալի նվազման հետ: Մասնակիցները, ովքեր ավելի ու ավելի հաճախ էին ներառում նման սնունդ իրենց օրաբաժնում, ինսուլինային դիմադրության նշաններ են ցուցաբերել, մի վիճակ, որի դեպքում բջիջներն ավելի քիչ են կարողանում «ճանաչել» ինսուլինը, ինչը, ի վերջո, կարող է հանգեցնել 2-րդ տիպի շաքարախտի:
Հետազոտողների կարծիքով՝ երիտասարդությունը «կրիտիկական պատուհան» է, երբ սննդային սովորությունները դեռ ձևավորվում են, և նյութափոխանակությունը հատկապես զգայուն է սննդակարգի որակի նկատմամբ: Ուլտրամշակված սննդի քանակի կրճատումը և ավելի ամբողջական, նվազագույն մշակված սննդի անցումը կարող է կարևոր ռազմավարություն լինել նյութափոխանակության խանգարումների կանխարգելման համար։
Հետազոտողներն ընդգծում են, որ խոսքը լիակատար արգելքի մասին չէ, այլ օրաբաժնում ուլտրամշակված սննդի ընդհանուր համամասնության կրճատում: Նույնիսկ աննշան փոփոխությունները կարող են զգալիորեն ազդել նախադիաբետի ռիսկի և երկարատև առողջության վրա: