14:23 2 դեկտեմբերի, 2025Կեղևով չաղացած տապակած գետնանուշի կանոնավոր օգտագործումը բարելավում է գլխուղեղի անոթների աշխատանքը և ուժեղացնում հիշողությունը տարեց մարդկանց մոտ։ Նման եզրակացության են եկել Մաաստրիխտի համալսարանի հետազոտողները։ Աշխատանքը հրապարակվել է Clinical Nutrition ամսագրում։
Գլխուղեղի արյունամատակարարման հետ կապված խնդիրները տարիքային ճանաչողական խանգարումների հիմնական ֆիզիոլոգիական նշաններից են։ Թթվածնի և սննդանյութերի մատակարարման նվազումը վատթարացնում է նեյրոնների աշխատանքը և կապված է դեմենցիայի բարձր ռիսկի հետ։ Այդ իսկ պատճառով գիտնականներն ակտիվորեն ուսումնասիրում են կենսակերպի և սննդակարգի ազդեցությունը գլխուղեղի անոթային առողջության վրա։
Չնայած այն հանգամանքին, որ գետնանուշը բուսաբանորեն պատկանում է բակլազգիներին, սննդային հատկանիշներով այն մոտ է ընկույզներին. այն պարունակում է բուսական սպիտակուց, չհագեցած ճարպեր, բջջանյութ և բազմաթիվ կենսաբանորեն ակտիվ նյութեր։ Հետազոտության դրդապատճառներից մեկը L-արգինինի բարձր մակարդակն է. դա մի ամինաթթու է, որը մասնակցում է ազոտի օքսիդի արտադրությանը, որն ընդլայնում է անոթները և կարգավորում արյան հոսքը։ Գետնանուշի կճեպը հարուստ է պոլիֆենոլներով, ներառյալ ռեսվերատրոլը, որն օժտված է հակաօքսիդանտ հատկություններով։
Փորձին մասնակցել է 31 առողջ կամավոր՝ 60-ից 75 տարեկան։ Հետազոտությունն անցկացվել է պատահականացված սկզբունքով, վերահսկվող քրոսովեր փորձի ձևաչափով. յուրաքանչյուր մասնակից անցել է երկու՝ 16-շաբաթալան փուլ. կեղևով տապակած 60 գրամ գետնանուշի ամենօրյա օգտագործմամբ և առանց դրա։ Փուլերի միջև եղել է ութշաբաթյա «մաքրման» ժամանակաշրջան։
Գլխուղեղի անոթների վիճակը գնահատվել է ոչ ինվազիվ ՄՌՏ (Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա) մեթոդիկայի միջոցով, որը թույլ է տալիս չափել արյան հոսքի ծավալը՝ առանց կոնտրաստային նյութերի և ճառագայթման։ Ճանաչողական ֆունկցիաները փորձարկվել են համակարգչային նեյրոհոգեբանական թեստերի կիրառմամբ։
Գետնանուշի օգտագործման շրջանից հետո գլխուղեղի ընդհանուր արյան հոսքն աճել է 3,6%-ով, իսկ գորշ նյութում (մասում)՝ 4,5%-ով։ Առավել արտահայտված փոփոխություններ են դիտվել ճակատային բլթերում (աճ՝ 6,6%) և քունքային բլթերում (4,9%)՝ այն գոտիներում, որոնք մասնակցում են հիշողության, խոսքի և գործադիր ֆունկցիաների ձևավորմանը։
Արյունամատակարարման բարելավման ֆոնին բարձրացել են նաև ճանաչողական ցուցանիշները. մասնակիցները 5,8% աճ են ցույց տվել բանավոր հիշողության թեստերում։ Հետաձգված վերարտադրության ժամանակ նրանք ավելի շատ բառեր եմ հիշում և ճանաչում, քան վերահսկիչ շրջանում։
Դիետայի ազդեցությունը դրսևորվել է նաև սրտանոթային ցուցանիշների վրա։ Սիստոլիկ ճնշումը նվազել է միջինը 5 մմ սնդիկի սյան չափով, իսկ պուլսային ճնշումը՝ 4 մմ սնդիկի սյան չափով։ Չնայած լրացուցիչ կալորիականությանը (օրական մոտ 340 կկալ), փորձարկվողների մարմնի զանգվածը էապես չի փոխվել. գիտնականները ենթադրում են, որ մասնակիցները ինտուիտիվ կերպով փոխհատուցել են ավելորդ կալորիաները՝ կրճատելով այլ մթերքներ։