Այսօր թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրն է

12:10   12 նոյեմբերի, 2014

Ամեն տարի նոյեմբերի 12-ին, մանկական թոքաբորբի դեմ համաշխարհային կոալիցիայի նախաձեռնությամբ, թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրն է նշվում (World Pneumonia Day):

Թոքաբորբը թոքային հյուսվածքների բորբոքմամբ բնորոշվող հիվանդությունների խումբ է հանդիսանում: Այն առավել հաճախ երեխաների մոտ է տարածված եւ շարունակում է անչափահասների շրջանում մահացության կարեւորագույն պատճառներից մեկը համարվել. ամեն տարի թոքաբորբով հիվանդացած երեխաների թիվը շուրջ 150 մլն-ի է հասնում, իսկ հիվանդությունից մահացած մինչեւ 5 տարեկաններինը՝ շուրջ 1,4 մլն-ի՝ ավելի, քան ՁԻԱՀ-ի, մալարիայի եւ կարմրուկի զոհերի թիվը՝ բոլորը միասին: 

Թոքաբորբը աշխարհի բոլոր երկրներում է տարածված, սակայն առավել հաճախ Հարավային Ասիայում եւ Աֆրիայում բնակվող երեխաներն են դրանով հիվանդանում: Բացի այդ, հիվանդությունը առավելապես աղքատ, ծանր պայմաններում բնակվող ընտանիքների շրջանում է լայն տարածում գտնում:

«Յուրաքանչյուր 30 վայրկյանը մեկ մինչեւ 5 տարեկան մեկ երեխա է թոքաբորբից մահանում: Սա մեծ խայտառակություն է, քանի որ հիվանդությունից երեխաների մահվան կանխարգելման միջոցը գաղտնիք չէ մեզ համար», - նշել է ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Միկի Չոպրան:

Եւ իսկապես, թոքաբորբի կանխարգելումը եւ հիվանդության հետեւանքով մահացության կրճատումը այնքան էլ դժվար գործ չի թվում՝ իմունիզացիայի, առողջ սննդառության եւ հիգիենայի կանոնների պահպանման միջոցով կարելի է ոչ միայն թոքաբորբի, այլ նաեւ մի շարք այլ հիվանդությունների առաջացման ռիսկի շոշափելի կրճատման հասնել:

Այսօր՝ թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրը, աշխարհի բոլոր երկրներում ակտիվիստներն ու կամավորները փորձում են մարդկանց թոքաբորբի եւ դրա կանխարգելման միջոցների մասին հիշեցնել: Բացի այդ, նաեւ դրամահավաքներ են կազմակերպվում՝ աղքատ երկրներում երեխաների իմունիզացիայի կազմակերպման համար եւ տեղեկություններ տարածվում՝ հիգիենայի կանոնների եւ դրանց պահպանման անհրաժեշտության վերաբերյալ:



© NEWS.am Medicine