P7C3-A20 դեղամիջոցը լիովին վերացրել է Ալցհեյմերի հիվանդությունը մկների մոտ. Cell

15:29   26 դեկտեմբերի, 2025

ԱՄՆ գիտնականներն ապացուցել են, որ P7C3-A20 դեղամիջոցը կարող է վերականգնել ուղեղի աշխատանքը նույնիսկ Ալցհեյմերի հիվանդության զարգացած փուլում, համենայն դեպս՝ կենդանիների վրա կատարված փորձերի ժամանակ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell Reports Medicine ամսագրում:

Ուշադրության կենտրոնում էր NAD⁺ մոլեկուլը, նյութ, առանց որի բջիջները չեն կարող պատշաճ կերպով ստանալ եւ օգտագործել էներգիա: NAD⁺-ը մասնակցում է բջջային «վառելիքի» գրեթե բոլոր պրոցեսներին, այդ պատճառով այն երբեմն անվանում են օրգանիզմի էներգետիկ վիճակի ցուցիչ:

Հետազոտողները պարզել են, որ Ալցհեյմերի հիվանդության դեպքում ուղեղում NAD⁺ մակարդակը շատ ավելի է նվազում, քան նորմալ ծերացման դեպքում: Սա հանգեցնում է նեյրոնային ֆունկցիայի վատթարացման, բորբոքման աճի, արյան անոթների վնասման եւ հիվանդության հիմնական բնութագրերը համարվող պաթոլոգիական սպիտակուցների՝ ամիլոիդի եւ տաու-սպիտակուցների կուտակման:

Ստուգելու համար, թե արդյոք այս փոփոխությունները հնարավոր է չեղարկել, թե ոչ, գիտնականներն օգտագործել են P7C3-A20 փորձարարական դեղամիջոցը: Այն չի «արագացնում» էներգիայի փոխանակումը, բայց օգնում է բջիջներին պահպանել NAD⁺ մակարդակը նորմալ ֆիզիոլոգիական սահմաններում: Բուժումից հետո մկների մոտ նկատվել է պաթոլոգիական տաու-սպիտակուցի քանակի նվազում, վերականգնվել են նյարդային կապերը,ւ վերացել են կոգնիտիվ խանգարումները. կենդանիները կրկին հաջողությամբ հանձնել են հիշողության եւ ուսուցման թեստեր։

Հեղինակներն ընդգծել են, որ խոսքն առայժմ միայն նախակլինիկական փորձերի մաիսն է, եւ դեռեւս չկան ապացույցներ այս մոտեցման արդյունավետության մասին մարդկանց համար։ Բայց արդյունքները փոխում են Ալցհեյմերի հիվանդության մասին մեր պատկերացումները. այն կարող է ոչ միայն դանդաղեցվել, այլեւ պոտենցիալ շրջելի լինել, եթե հաջողվի վերականգնել ուղեղի էներգետիկ հավասարակշռությունը։



© NEWS.am Medicine