Պնեւմոնիա եւ թոքաբորբ. ինչու՞մն է տարբերությունը

16:13   12 նոյեմբերի, 2014

Շատերը կարծում են, որ թոքաբորբն ու պնեւմոնիան նույն բանն են, բայց պարզվում է, որ դա այնքան էլ այդպես չէ: ՀՀ ԱՆ գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ պարզաբանել է, թե ինչով են այս հասկացությունները տարբերվում:

Պնեւմոնիան, մասնագետի խոսքով, թոքաբորբ է, բայց թոքաբորբը պնեւմոնիա չէ: Եթե թոքաբորբը բառացիորեն թարգմանենք, կստացվի «պնեւմոնիտ»՝ «թոքերի բորբոքում»: Բանն այն է, որ պնեւմոնիտը թոքերի՝ բակտերիալ ծագում չունեցող բորբոքում է, իսկ պնեւմոնիայի հիմնական պատճառը բակտերիալ ինֆեկցիան է:

Ինչպես Անդրանիկ Ոսկանյանն է նշել, մասնագետները պնեւմոնիաների երեք խումբ են առանձնացնում.

  1. Բակտերիալ ծագում ունեցող բորբոքում,
  2. Վիրուսային ծագում ունեցող բորբոքում,
  3. Սնկային ծագում ունեցող բորբոքում:

Երեխաների շրջանում հիմնականում տարածված է պնեւմոկոկկային ինֆեկցիայի պատճառով առաջացող պնեւմոնիան, իսկ մեծահասակների շրջանում ավելի հաճախ են հանդիպում ստաֆիլոկոկկային, ստրեպտոկոկկային եւ այլ բակտերիաների պատճառով առաջացող բորբոքումները:

Ինչ վերաբերում է վիրուսային պնեւմոնիաներին, այստեղ որոշակի պարզաբանում է հարկավոր. հիվանդությունն իրականում առաջանում ոչ թե վիրուսի պատճառով, այլ՝ վիրուսի ազդեցությամբ թուլացած օրգանիզմը չի կարողանում դիմակայել ներթափանցած ինֆեկցիաներին, եւ առաջանում է պնեւմոնիա:

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 12-ին, նշվում է թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրը: Հիշեցնենք նաեւ, որ թոքաբորբը կանխարգելելն այնքան էլ դժվար չէ՝ պետք է ուղղակի հետեւել մի քանի պարզ խորհուրդների, որոնց NEWS.am Medicine-ն անդրադարձել էր նախորդ նյութերից մեկում:



© NEWS.am Medicine