Բանջարեղենն ու մրգերը պաշտպանում են ուղեղը ճարպային սննդի վնասակար ազդեցությունից․ Nutritional Neuroscience

17:29   12 հունվարի, 2026

Մրգերով և բանջարեղենով հարուստ սննդակարգը կարող է պաշտպանել ուղեղը յուղոտ սննդի վնասակար ազդեցությունից։ Նման եզրակացության են եկել նախակլինիկական հետազոտություն կատարած գիտնականները, որը ցույց է տվել, որ «արևմտյան» դիետա պահող մկների հիշողությունը պահպանվել է, եթե կերին ավելացվել է բուսական մթերքների խառնուրդ։ Աշխատանքը հրապարակվել է Nutritional Neuroscience ամսագրում։

Ամբողջ աշխարհում ճարպակալման աճն ընթանում է տարեց մարդկանց մոտ ճանաչողական խանգարումների դեպքերի ավելացմանը զուգահեռ ձևով։ Ճարպակալումը համարվում է դեմենցիայի առաջացման ռիսկի գործոն, իսկ պատճառներից մեկն էլ համարվում է հագեցած ճարպերի բարձր պարունակությամբ կալորիական սննդի մեծաքանակ օգտագործումը։ Նման սննդակարգն ուժեղացնում է օքսիդացիոն սթրեսը՝ օրգանիզմի ազատ ռադիկալների և հակաօքսիդանտային պաշտպանության միջև անհավասարակշռությունը, որը ժամանակի ընթացքում վնասում է հյուսվածքները, այդ թվում՝ նյարդային։

Վեյմին Գուի գլխավորած թիմը որոշեց ստուգել, ​​թե արդյոք բուսական արտադրանքի համադրությունը, այլ ոչ թե առանձին բաղադրիչները, կարող է մեղմել այս ազդեցությունները:

Փորձարկման համար օգտագործել են C57BL/6 տեսակի արու մկների։ Կենդանիներին բաժանել են հինգ խմբի. մեկը ստացել է ստանդարտ՝ ցածր ճարպայնությամբ սննդակարգ, իսկ մնացածը՝ բարձր ճարպայնությամբ «արևմտյան» դիետա, որն առաջացնում է ճարպակալում։ Ընդ որում, կերին ավելացրել են մրգերից և բանջարեղենից պատրաստված լիոֆիլացված (սառեցմամբ չորացված) փոշի՝ սննդակարգի զանգվածի 0, 5, 10 կամ 15%-ի չափով։ Խառնուրդը ներառել է խնձոր, բանան, հատապտուղներ, խաղող, ցիտրուսային մրգեր, սպանախ, գազար, բրոկոլի և լոլիկ։ Առավելագույն դեղաչափը մոտավորապես համապատասխանել է մարդու համար օրական 8–9 բաժին մրգի և բանջարեղենի օգտագործմանը։

20 շաբաթ անց գիտնականները գնահատել են կենդանիների հիշողությունը «նոր օբյեկտի ճանաչման» թեստի միջոցով, որը կրծողների ուսումնառության և հիշողության ուսումնասիրման ստանդարտ մեթոդ է։ Ցածր ճարպայնությամբ սննդակարգով մկները վստահորեն տարբերում էին նոր առարկան ծանոթից։ Առանց հավելումների յուղոտ սննդակարգով ապրող կենդանիների մոտ այդ կարողությունը վատթարացել է։ Սակայն բուսական խառնուրդ ստացող մկների մոտ հիշողության ցուցանիշները բարելավվել են դեղաչափի ավելացմանը զուգընթաց։ 15% հավելման դեպքում արդյունքները գրեթե նույնն են եղել, ինչ ստուգիչ խմբի մոտ։

Հետաքրքիր է, որ 5 և 10% հավելումները չեն խանգարել ճարպակալման զարգացմանը, մինչդեռ 15%-ի դեպքում մարմնի զանգվածի ավելացումն ավելի քիչ է եղել, քան առանց բուսական փոշու սնվող մկների մոտ։ Սա վկայում է այն մասին, որ հիշողության պահպանումը չի հանգեցվել միայն քաշի վերահսկմանը։

Էֆեկտի մեխանիզմը հասկանալու համար հետազոտողները չափել են լյարդում մալոնային դիալդեհիդի մակարդակը, որը օքսիդացիոն սթրեսի մարկեր է։ Բարձր ճարպայնությամբ սննդակարգը կտրուկ բարձրացրել է դրա մակարդակը, մինչդեռ մրգերի և բանջարեղենի հավելումը նվազեցրել է ցուցանիշները՝ մատնանշելով համակարգային օքսիդացիոն սթրեսի նվազումը։ Հեղինակները կարծում են, որ հենց դա կարող էր պաշտպանել նեյրոնային ուղիները և ճանաչողական գործառույթները։

Ապագայում գիտնականները պլանավորում են ուսումնասիրել ուղեղի կոնկրետ հատվածները, ներառյալ հիպոկամպը և կլինիկական հետազոտությունների միջոցով ստուգել՝ արդյոք պաշտպանիչ էֆեկտը պահպանվում է մարդկանց մոտ, թե ոչ։



© NEWS.am Medicine