Ծխելը և ալկոհոլը քաղցկեղի ռիսկի հիմնական գործոններն են. Nature Medicine

18:34   6 փետրվարի, 2026

Աշխարհում քաղցկեղի բոլոր դեպքերի ավելի քան 30%-ը կարող է կանխվել, եթե նվազեցվի ռիսկի փոփոխելի գործոնների ազդեցությունը: Նման եզրակացության են հանգել  Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մասնագետները՝ քաղցկեղի համաշխարհային դեպքերի տվյալները վերլուծելուց հետո: Հետազոտությունը հրապարակվել է Nature Medicine բժշկագիտական հանդեսում:

ԱՀԿ-ի գնահատականներով՝ 2022 թվականին աշխարհում գրանցվել է քաղցկեղի գրեթե 19 միլիոն նոր դեպք: Այս դեպքերի մոտ 38%-ը կապված է գործոնների հետ, որոնց վրա անհատները և հասարակությունը ընդհանուր առմամբ կարող են ազդել՝ սկսած կենսակերպից մինչև շրջակա միջավայրի պայմաններ: Թոքերի, ստամոքսի և արգանդի վզիկի քաղցկեղն ամենամեծ ներդրումն ունեն կանխարգելելի քաղցկեղի դեպքերի մեջ. դրանք կազմում են բոլոր դեպքերի գրեթե կեսը:

«Քաղցկեղի կանխարգելելի պատճառների դեմ պայքարը քաղցկեղի համաշխարհային բեռը նվազեցնելու ամենահզոր հնարավորություններից մեկն է»,- նշել է ԱՀԿ բժշկական համաճարակաբան և հետազոտության ավագ հեղինակ Իզաբել Սերյոմատարամը:

Հետազոտողները որպես փոփոխելի ռիսկի գործոններ նշել են ծխախոտ ծխելը, ալկոհոլի օգտագործումը, մարմնի ավելորդ քաշը, ֆիզիկական անգործությունը, ծխախոտի և արեկայի ընկույզ ծամելը, կրծքով կերակրման անբավարարությունը, օդի աղտոտվածությունը, ուլտրամանուշակագույն ճառագայթումը, վարակները, ինչրպես նաև մեկ տասնյակից ավելի մասնագիտական ​​վնասակարություններ։

Ծխելը մնում է առաջատար կանխարգելելի ռիսկի գործոնը։ Այն կապված էր ամբողջ աշխարհում քաղցկեղի բոլոր նոր դեպքերի 15%-ի հետ։ Տղամարդկանց շրջանում ազդեցությունն ավելի բարձր էր. ծխելը պատասխանատու էր քաղցկեղի ախտորոշումների գրեթե 23%-ի համար։

Այնուամենայնիվ, ծխախոտը միակ վտանգը չէ։ Օդի աղտոտվածությունը նույնպես զգալիորեն մեծացնում է թոքերի քաղցկեղի ռիսկը, և դրա ազդեցությունը տարբերվում է՝ կախված տարածաշրջանից։ Օրինակ՝ Արևելյան Ասիայի երկրներում կանանց թոքերի քաղցկեղի դեպքերի մոտ 15%-ը կապված է օդի աղտոտվածության հետ, մինչդեռ Հյուսիսային Աֆրիկայում և Արևմտյան Ասիայում տղամարդկանց մոտ դեպքերի մոտ 20%-ը կապված է։

Ալկոհոլի օգտագործումը վարքային ռիսկի գործոնների շարքում երկրորդն էր։ Այն պատասխանատու էր քաղցկեղի նոր դեպքերի մոտ 3,2%-ի համար, ինչը համարժեք է տարեկան մոտ 700 հազար ախտորոշման։

Քաղցկեղի բոլոր դեպքերի մոտ 10%-ը կապված է վարակների հետ։ Կանանց շրջանում կանխարգելելի հիվանդությունների ամենամեծ պատճառը մարդու պապիլոմավիրուսն է (HPV), որը կարող է արգանդի վզիկի քաղցկեղ առաջացնել: Չնայած HPV-ի դեմ արդյունավետ պատվաստանյութի առկայությանը, պատվաստումների ծածկույթը շատ երկրներում մնում է անբավարար։

Հետազոտողները ստամոքսի քաղցկեղը, որն ավելի տարածված է տղամարդկանց մեջ, կապում են ծխելու և մարդաշատ կենսապայմաններում տարածված վարակների, վատ սանիտարական պայմանների և մաքուր ջրի սահմանափակ հասանելիության հետ։

Հեղինակները շեշտել են, որ ծխելու նվազեցումը, օդի որակի բարելավումը, վարակների կանխարգելումը և կենսակերպի փոփոխությունը կարող են միլիոնավոր կյանքեր փրկել և դառնալ քաղցկեղի դեմ համաշխարհային պայքարի հիմնական գործիք։



© NEWS.am Medicine