15:47 10 փետրվարի, 2026Օմեգա-3 ճարպաթթուների ընդունումը, որոնք պարունակվում են ձկան յուղի և սննդային հավելումների մեջ, կարող է նպաստել ագրեսիայի մակարդակի նվազեցմանը։ Նման եզրահանգման են եկել Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները՝ վերլուծելով գրեթե երեք տասնյակ կլինիկական հետազոտությունների արդյունքները։ Աշխատանքը հրապարակվել է Aggression and Violent Behavior (AVB) ամսագրում։
Օմեգա-3-ը վաղուց կապում են հոգեկան առողջության պահպանման հետ. նախկինում դրանց դեֆիցիտը ասոցացվում էր շիզոֆրենիայի և դեպրեսիվ խանգարումների բարձր ռիսկի հետ։ Ագրեսիան և հակասոցիալական վարքագիծը, իրենց հերթին, մասնակիորեն դիտարկվում են որպես ուղեղում սննդառության և նյութափոխանակության խանգարումների հետևանք։
Նոր հետազոտության հեղինակները 1996-ից 2024 թվականներն ընկած ժամանակահատվածում անցկացված 29 ռանդոմիզացված վերահսկվող փորձարկումների մետա-վերլուծություն են իրականացրել։ Ընդհանուր առմամբ դրանց մասնակցել է 3918 մարդ՝ երեխաներից ու դեռահասներից մինչև միջին և տարեց հասակի անձինք։ Դիտարկման միջին տևողությունը կազմել է մոտ 16 շաբաթ։
Արդյունքները ցույց են տվել չափավոր, բայց վիճակագրորեն նշանակալի ազդեցություն. Օմեգա-3-ի ընդունումն ուղեկցվել է ագրեսիվ վարքագծի նվազեցմամբ՝ ստուգիչ խմբերի համեմատ միջինը մինչև 28%: Այս արդյունքը պահպանվել է անկախ սեռից, տարիքից, կլինիկական ախտորոշումից, դեղաչափից և ընդունման տևողությունից:
Կարևոր է, որ ագրեսիայի նվազումը վերաբերել է ինչպես ռեակտիվ ձևին (իմպուլսիվ արձագանք սադրանքին), այնպես էլ պրոակտիվին՝ նախապես պլանավորված ագրեսիվ վարքագծին: Նախկինում պարզ չէր, թե արդյոք Օմեգա-3-ն ազդում է երկու տեսակների վրա, թե ոչ:
«Ես կարծում եմ, որ եկել է ժամանակը դիտարկել Օմեգա-3 հավելումները որպես ագրեսիայի նվազեցման գործիքներից մեկը՝ անկախ նրանից, թե խոսքը կլինիկայի, հասարակության, թե նույնիսկ քրեական արդարադատության համակարգի մասին է», — հայտարարել է նեյրոկրիմինոլոգ Ադրիան Ռեյնը՝ աշխատանքի հեղինակներից մեկը:
Միևնույն ժամանակ, հետազոտողները ընդգծել են, որ խոսքը պանացեայի մասին չէ։ Ազդեցությունը եղել է կարճաժամկետ, իսկ երկարաժամկետ ազդեցության հաստատման համար անհրաժեշտ են ավելի մասշտաբային և տևական հետազոտություններ։
«Օմեգա-3-ը հասարակության մեջ բռնության խնդրի կախարդական լուծում չէ։ Բայց արդյո՞ք այն կարող է օգնել։ Մեր տվյալները թույլ են տալիս այս հարցին դրական պատասխան տալ»,- նշել է Ռեյնը։
Գիտնականները ենթադրում են, որ ազդեցության մեխանիզմը կապված է բորբոքային պրոցեսների նվազեցման և գլխուղեղում նեյրոնային գործընթացների պահպանման հետ։ Օմեգա-3-ի օգտին լրացուցիչ փաստարկ են մնում տվյալները սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկի նվազեցման վերաբերյալ՝ դրանց կանոնավոր օգտագործման դեպքում։
Հեղինակների խոսքով՝ նույնիսկ սննդակարգում յուղոտ ձկան մասնաբաժնի ավելացումը (առանց հավելումների ընդունման) կարող է պոտենցիալ օգուտ ունենալ, այդ թվում՝ բարձր ագրեսիվություն ունեցող երեխաների համար (հիմնական թերապիայի հետ համատեղ)։