Հայաստանում այսօր մոտ 60 000 շաքարախտով հիվանդ կա

18:09   14 նոյեմբերի, 2014

Հայաստանում այսօր մոտ 60 000 շաքարախտով հիվանդ կա: Թիվը բավական լուրջ է Հայաստանի նման փոքր երկրի համար, բայց չի բացառվում, որ հիվանդների իրական թիվն էլ ավելի մեծ է, քանի որ երկրորդ տիպի շաքարախտով տառապող մարդկանցից շատերը նույնիսկ չգիտեն իրենց հիվանդության մասին: Այս մասին լրագրողներին Հայաստանի Շաքարախտի ասոցիացիայի նախագահ, Երեւանի գլխավոր էնդոկրինոլոգ Էլիզա Հայրապետյանն է պատմել:

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, աշխարհում նշվում է շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրը, որի կապակցությամբ Հայաստանի Շաքարախտի ասոցիացիան միջոցառում է կազմակերպել: Միջոցառմանը մասնակցում են Ասոցիացիայի անդամները, որոնց թվում ընդգրկված են ինչպես բազմաթիվ բժիշկներ, այնպես էլ շաքարախտով հիվանդներ եւ նրանց բարեկամները: Միջոցառման ավարտին ելույթ կունենա շաքարախտով հիվանդ երեխաները:

Էլիզա Հայրապետյանի խոսքով՝ այս օրն ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում նշվում է 1999 թվականից սկսած, եւ օրվա նպատակն է կոչ անել բոլոր կառավարություններին՝ հատուկ քաղաքականություն վարել՝ շաքարախտի դեմ պայքարի, դրա կանխարգելման եւ բուժման համար, իսկ հասարակությանը՝ աչալուրջ լինել շաքարախտի աճող էպիդեմիայի նկատմամբ:

Շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրը եւս մեկ անգամ հիշեցնում է հիվանդներին, որ նրանք միայնակ չեն՝ աշխարհում եւս 400 մլն մարդ պայքարում է այս հիվանդության դեմ: Բժիշկն էլ, Էլզա Հայրապետյանի խոսքով, պետք է հասկանա, որ այս խնդրի լուծման մեջ միայնակ չէ՝ ամբողջ աշխարհում բազմաթիվ բժիշկներ նույնպես աշխատում են այդ ուղղությամբ:

Հիշեցնենք, որ Հայաստանի Շաքարախտի ասոցիացիան ստեղծվել է 1996 թվականին, իսկ 2011-ին դարձել է Շաքարախտի միջազգային ֆեդերացիայի անդամ:



© NEWS.am Medicine