Ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզ. ախտանիշներ, պատճառներ և բուժում

08:49   23 փետրվարի, 2026

Կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզը (ԿԱՍ) նեյրոդեգեներատիվ հիվանդություն է, որն ախտահարում է նյարդային համակարգը՝ գլխուղեղի և ողնուղեղի նյարդային բջիջները:

Ամբողջ աշխարհում ԿԱՍ-ով ապրում է մոտ 400,000 մարդ, և տարեկան շուրջ 100,000-ը մահանում է այդ հիվանդությունից: Եվրոպայում, ըստ ALS Liga պացիենտների ասոցիացիայի տվյալների, այս հիվանդությամբ տառապում է մոտ 50,000 մարդ:

Հիվանդության տարածվածությունը գնահատվում է 100,000 բնակչի հաշվով 2-ից 6 մարդու սահմաններում. ինչպես հաղորդում է Euronews-ը, հիվանդությունը տղամարդկանց մոտ մի փոքր ավելի հաճախ է հանդիպում, քան կանանց մոտ: Պացիենտների մեծամասնության մոտ ախտորոշումը դրվում է 55-ից 75 տարեկան հասակում. որպես կանոն, ախտանիշների ի հայտ գալուց հետո նրանք ապրում են 2-ից 5 տարի:

Այնուամենայնիվ, հիվանդությունը կարող է դրսևորվել նաև ավելի վաղ տարիքում: Դերասան Էրիկ Դեյնը մահացել է հինգշաբթի օրը 53 տարեկան հասակում՝ ԿԱՍ-ի ախտորոշումից հետո, իր հիվանդության մասին հրապարակայնորեն հայտնելուց մեկ տարի էլ չանցած:

ԿԱՍ-ն ախտահարում է մոտոնեյրոնները՝ նյարդային բջիջները, որոնք վերահսկում են կամային շարժումները, ինչի հետևանքով ուղեղից եկող ազդակները դադարում են հասնել մկաններին:

ԿԱՍ-ի ախտանիշները տարբեր մարդկանց մոտ տարբեր են և կախված են նրանից, թե կոնկրետ որ նյարդային բջիջներն են ախտահարված:

Սովորաբար առաջին դրսևորումը լինում է մկանային թուլությունը, որն աստիճանաբար տարածվում է և ժամանակի ընթացքում ուժգնանում:

Այլ տարածված ախտանիշներից են՝ քայլելու կամ առօրյա գործեր կատարելու դժվարությունը, ոտքերում, թաթերում կամ կոճերում, ինչպես նաև ձեռքերում ի հայտ եկող թուլությունը, ոչ հստակ խոսքը և կլման հետ կապված խնդիրները:

Հաճախ ԿԱՍ-ն սկսվում է վերջույթների՝ դաստակների, թաթերի, ձեռքերի կամ ոտքերի ախտահարումից, իսկ հետո տարածվում է մարմնի այլ մասերի վրա:

Կախված այն բանից, թե մարմնի որ մասն է առաջինը ախտահարվում, առանձնացնում են հիվանդության երեք ձև՝ ոտքերից, ձեռքերից կամ բերանի և կոկորդի հատվածից սկսվող ձևեր:

Ըստ զարգացման պատճառների՝ տարբերակում են ԿԱՍ-ի երկու տեսակ:

Սպորադիկ ԿԱՍ-ը, որին բաժին է ընկնում դեպքերի մոտ 90 տոկոսը, առաջանում է պատահականորեն և անհայտ պատճառներով, նշում է Cleveland Clinic ոչ առևտրային ակադեմիական բժշկական կենտրոնը:

Ընտանեկան ԿԱՍ-ը, որը կազմում է դեպքերի մոտ 10 տոկոսը, պայմանավորված է գեների ժառանգական փոփոխություններով, որոնք փոխանցվում են ընտանիքում:

Ինչպե՞ս է բուժվում այս հիվանդությունը։

ԿԱՍ-ի դեմ դեռևս բուժում գոյություն չունի, սակայն մշակվել են մեթոդներ, որոնք թույլ են տալիս դանդաղեցնել հիվանդության զարգացումը և բարելավել կյանքի որակը: Դրանց թվում են դեղորայքային թերապիան, ֆիզիոթերապիան և վերականգնողական այլ տեսակներ, ինչպես նաև սնուցումը և շնչառական աջակցությունը:



© NEWS.am Medicine