13:24 27 փետրվարի, 2026Օքսֆորդի համալսարանի գիտնականները պարզել են, որ բուսակերային սննդակարգը նվազեցնում է քաղցկեղի հինգ տեսակի առաջացման ռիսկը, նշվել է համալսարանի հանրային առողջապահության եւ բժշկական հետազոտությունների բաժնի հայտարարության մեջ։
«Քաղցկեղի առաջացման ռիսկի վրա բուսակերության ազդեցությունն ուսումնասիրող ամենամեծ հետազոտությունը ցույց է տվել, որ բուսակերությունը նվազեցնում է քաղցկեղի մի քանի տեսակների՝ կրծքագեղձի, շագանակագեղձի, երիկամների, ենթաստամոքսային գեղձի եւ բազմակի միելոմայի առաջացման ռիսկը»,- նշվել է հաղորդագրության մեջ։
Հետազոտության տվյալներով, որին մասնակցել է ավելի քան 1,8 միլիոն մարդ, բուսակերները 21 տոկոսով ավելի քիչ հավանականություն ունեն ենթաստամոքսային գեղձի, 9 տոկոսվ՝ կրծքագեղձի, 12 տոկոսով՝ շագանակագեղձի, 28 տոկոսով՝ երիկամների քաղցկեղ եւ 31 տոկոսով՝ բազմակի միելոմա ունենալու։
Բուսակերային սննդակարգը, սակայն, գրեթե կրկնապատկում է կերակրափողի քաղցկեղի զարգացման ռիսկը: Հիվանդության զարգացման ռիսկը նվազեցնելու համար գիտնականները խորհուրդ են տալիս սննդակարգում ներառել ամբողջահատիկներ, լոբազգիներ, մրգեր եւ բանջարեղեն, ինչպես նաեւ սահմանափակել կարմիր մսի օգտագործումը։
Բուսակերությունը սննդակարգ է, որը հիմնված է միայն բուսական եւ կաթնամթերքի օգտագործման վրա՝ բացառելով կենդանական ծագման բոլոր մթերքները (ներառյալ թռչնամիսը, ձուկը եւ ծովամթերքը):