Սրտանոթային հիվանդությունների ռիսկի անսպասելի խումբ է բացահայտվել

16:37   2 մարտի, 2026

Արգանդի վզիկի արտահայտված նախաքաղցկեղային փոփոխություններ ունեցող երիտասարդ կանայք կարող են ավելի խոցելի լինել սիրտ-անոթային հիվանդությունների նկատմամբ: Նման եզրակացության են եկել շվեդ հետազոտողները, ովքեր վերլուծել են 1958–2021 թվականների ազգային բժշկական ռեգիստրների տվյալները: Աշխատանքի արդյունքները հրապարակվել են JAMA Oncology ամսագրում:

Խոսքը HSIL վիճակի մասին է՝ արգանդի վզիկի դիսպլազիայի ծանր աստիճանի, որը կարող է վերածվել քաղցկեղի և առավել հաճախ կապված է մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ) հետ: Գիտնականները համադրել են նման ախտորոշում ունեցող 15–24 տարեկան մոտ 30 հազար աղջիկների ու կանանց և նման փոփոխություններ չունեցող ավելի քան 149 հազար նույն տարիքի անձանց տվյալները

Վերլուծությունը ցույց է տվել, որ HSIL ունեցող պացիենտների մոտ սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը մոտ 20 տոկոսով ավելի բարձր է եղել: Այս խմբում միոկարդի ինֆարկտի հավանականությունը 58 տոկոսով ավելի բարձր է եղել, իսկ ինսուլտինը՝ մոտ 42 տոկոսով: Բացի այդ, նրանց մոտ ավելի հաճախ են ախտորոշվել զարկերակային հիպերտոնիա, սրտային անբավարարություն և սրտի ռիթմի խանգարումներ: Բարձր է եղել նաև սրտային պատճառներից մահացության ռիսկը:

Հետազոտողները ընդգծում են, որ հայտնաբերված կապը չի նշանակում ուղղակի պատճառահետևանքային կախվածություն: Այնուամենայնիվ, նրանք նշում են, որ ուռուցքաբանական և սիրտ-անոթային հիվանդությունները կարող են ունենալ ընդհանուր ռիսկի գործոններ՝ քրոնիկական բորբոքում, ծխախոտի օգտագործում և մարմնի ավելցուկային քաշ: Հեղինակների կարծիքով՝ HSIL-ի պատմություն ունեցող երիտասարդ կանանց համար կարևոր է ավելի ուշադիր լինել սիրտ-անոթային ռիսկի գործոնների վերահսկման հարցում և կանոնավոր կերպով անցնել բժշկական հետազոտություններ։



© NEWS.am Medicine