21:45 5 մարտի, 2026Գիտնականները պարզել են, որ օրաբաժնում տարբեր տեսակի ճարպերի հարաբերակցությունն անմիջականորեն ազդում է իմունային բջիջների ուժի և օրգանիզմի վարակների և ուռուցքների դեմ պայքարելու ունակության վրա:
Քվինսլենդի համալսարանի գիտնականների գլխավորությամբ գիտնականների միջազգային խմբի անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ սննդային ճարպերի կազմը կարող է փոխել իմունային համակարգի հիմնական բջիջների՝ T բջիջների կառուցվածքը և կայունությունը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature հանդեսում:
T բջիջները կենտրոնական դեր են խաղում օրգանիզմի իմունային պաշտպանության մեջ. դրանք նպաստում են վարակված բջիջները ճանաչելուն ու ոչնչացնելուն, համակարգում իմունային պատասխանը և մասնակցում հակամարմինների ձևավորմանը: Սակայն դրանց արդյունավետությունը մեծապես կախված է լիպիդային նյութափոխանակությանն առնչվող գործընթացներից՝ այսինքն, ինչպես են բջիջներն օգտագործում և մշակում ճարպերը: Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ մարդու օրաբաժնում օգտագործվող ճարպերի տեսակները կարող են փոխել իմունային բջիջների լիպիդային կազմը:
Պարզվել է, որ հատկապես կարևոր է ճարպաթթուների երկու՝ բազմաչհագեցած (PUFA) և մոնոչհագեցած (MUFA) խմբերի հարաբերակցությունը: Գիտնականները պարզել են, որ համեմատաբար քիչ PUFA և բարձր MUFA պարունակությամբ օրաբաժինը զգալիորեն ավելի դիմացկուն է դարձնում T բջիջները և դրանց պաշտպանում ոչնչացումից: Այդ բջիջներն ավելի լավ են դիմադրում օքսիդատիվ վնասմանը. գործընթաց, որի ընթացքում բջջային թաղանթի քայքայումը հանգեցնում է բջիջների ոչնչացման:
Երբ T բջիջներն ավելի դիմացկուն են դառնում, դրանք ավելի արդյունավետ են կատարում իրենց գործառույթները: Մասնավորապես, այսպես կոչված ֆոլիկուլյար T օգնական բջիջներն ավելի լավ են օգնում իմունային համակարգին հակամարմիններ արտադրելու հարցում, որոնք կարող են ուժեղացնել պատվաստման պաշտպանիչ ազդեցությունը: Ավելի դիմացկուն բջիջները միաժամանակ ավելի ակտիվորեն են բազմանում և ավելի արդյունավետորեն հարձակվում ուռուցքային բջիջների վրա: Փորձարարական մոդելները ցույց են տվել, որ սննդային ճարպերի կազմի փոփոխությունը կարող է բարելավել իմունաթերապիայի արդյունքները և բարձրացնել քաղցկեղի բուժման արդյունավետությունը: