Տեստոստերոնի ցածր մակարդակը խթանում է շագանակագեղձի քաղցկեղի աճը. Journal of Urology

23:25   12 մարտի, 2026

Թեքսասի համալսարանի MD Anderson քաղցկեղի կենտրոնի գիտնականները պարզել են, որ շագանակագեղձի քաղցկեղով և ցածր տեստոստերոնի մակարդակով հիվանդների հիվանդության ավելի ագրեսիվ ձևի զարգացման ռիսկը մեծ է: Հետազոտությունը հրապարակվել է Journal of Urology բժշկագիտական հանդեսում:

Ակտիվ հսկողությունն այսօր տարածված ռազմավարություն է վաղ փուլիշագանակագեղձի  քաղցկեղով տղամարդկանց համար: Բժիշկները պարբերաբար վերահսկում են հիվանդի վիճակը և բուժումը սկսում են միայն այն դեպքում, եթե հիվանդության առաջընթացի նշաններ կան: Այս մոտեցումը բժիշկներին թույլ է տալիս խուսափել կամ հետաձգել վիրահատությունը և այլ թերապիաները: Այնուամենայնիվ, հիմնական մարտահրավերներից մեկը հիվանդության ավելի արագ առաջընթացի վտանգ ունեցող հիվանդներին հայտնաբերելն է:

«Ակտիվ հսկողությունն անվտանգ և արդյունավետ տարբերակ է վաղ փուլի շագանակագեղձի քաղցկեղով շատ տղամարդկանց համար: Այնուամենայնիվ, կարևոր է հասկանալը, թե ովքեր են հիվանդության առաջընթացի ավելի բարձր ռիսկի տակ»,- նշել է հետազոտության գլխավոր հեղինակ, ուրոլոգիայի դոցենտ և առողջապահական անհավասարության մասնագետ Ջասթին Գրեգը:

Գիտնականներն իրենց հետազոտության մեջ վերլուծել են ակտիվ վերահսկվող ավելի քան 900 տղամարդու կլինիկական և պաթոլոգիական տվյալները: Հետազոտողները գնահատել են տեստոստերոնի նախնական մակարդակը և վերահսկել հիվանդության հետագա ընթացքը:

Արդյունքները ցույց են տվել, որ զգալիորեն ավելի հավանական է,որ տեստոստերոնի ցածր մակարդակ ունեցող հիվանդների (300 նանոգրամ մեկ դելիտրի մեջ կամ ավելի ցածր) քաղցկեղը զարգանա մինչև 3-րդ կամ ավելի բարձր աստիճան, ինչը շագանակագեղձի քաղցկեղի ավելի ագրեսիվ ձևի նշան է համարվում։

Այս կապը պահպանվել է նույնիսկ այլ ռիսկի գործոններ հաշվի առնելուց հետո, ներառյալ՝ հիվանդի տարիքը, շագանակագեղձի սպեցիֆիկ անտիգենի մակարդակը, մարմնի զանգվածի ինդեքսը, ուռուցքի խտությունն ու չափը։

Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ այս արդյունքները չեն նշանակում, թե ցածր տեստոստերոնը ուղղակիորեն առաջացնում է ագրեսիվ քաղցկեղ։ Փոխարենը, այն կարող է ծառայել որպես լրացուցիչ բիոմարկեր՝ հիվանդության առաջընթացի ռիսկն ավելի ճշգրիտ գնահատելու համար։

Հետազոտողները կարծում են, որ ախտորոշման ժամանակ տեստոստերոնի մակարդակը հաշվի առնելը կարող է օգնել բժիշկներին ավելի ճշգրիտ որոշելու հսկողության ռազմավարությունները և հիվանդների համար սկրինինգների հաճախականությունը։

Այնուամենայնիվ, գիտնականները նշում են, որ անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ՝ արդյունքները հաստատելու և որոշելու համար, թե որքան հուսալիորեն կարելի է օգտագործել տեստոստերոնի մակարդակը՝ առանձին հիվանդների հիվանդության ընթացքը կանխատեսելու համար։



© NEWS.am Medicine