Հայտնաբերվել է բնական միջոց, որը կարող է նվազեցնել շաքարախտի առաջացման ռիսկը

14:17   19 մարտի, 2026

Frontiers in Nutrition ամսագիրը հետազոտություն է հրապարակել, որտեղ խոսվում է դառը ձմերուկի՝ Momordica charantia-ի օգտակարության մասին։ Այս բույսը, որը լայնորեն կիրառվում է Ասիայի և Աֆրիկայի երկրների ավանդական բժշկության մեջ, կարող է պարունակել հակադիաբետիկ և հակաուռուցքային հատկություններով օժտված միացություններ։

Գիտնականներն ուսումնասիրել են պտղի տարբեր մասերի՝ կեղևի, միջուկի և սերմերի բաղադրությունը՝ ինչպես թարմ, այնպես էլ չորացված վիճակում։ Պարզվել է, որ օգտակար ֆենոլային միացությունների, այդ թվում՝ գալաթթվի և ռոզմարինաթթվի, ինչպես նաև ռեսվերատրոլի առավելագույն կոնցենտրացիան պարունակվում է չորացրած պտուղներում, հատկապես՝ կեղևի մեջ։

Լաբորատոր փորձարկումները ցույց են տվել, որ մոմորդիկայի էքստրակտները ընդունակ են ճնշել α-ամիլազ ֆերմենտի ակտիվությունը, որը պատասխանատու է ածխաջրերի քայքայման համար և ազդում է արյան մեջ շաքարի մակարդակի վրա։ Սա մատնանշում է դիաբետի կանխարգելման և վերահսկման գործում պոտենցիալ արդյունավետության մասին։ Բացի այդ, որոշ նմուշներ քաղցկեղային բջիջների վրա ներգործելու ունակություն են ցուցադրել։

Հեղինակները ընդգծում են, որ ստացված արդյունքները հետագա ստուգում են պահանջում կենդանիների և մարդկանց վրա իրականացվող փորձարկումներում։ Այնուամենայնիվ, հետազոտությունը հաստատում է մոմորդիկայի հեռանկարայնությունը՝ որպես կենսաբանորեն ակտիվ նյութերի աղբյուրի բուժման նոր մեթոդների մշակման համար։



© NEWS.am Medicine