Առավոտյան մշտապես մարզվելը նվազեցնում է սրտի հիվանդությունների եւ դիաբետի վտանգը. գիտնականների նոր վերլուծությունը

08:34   20 մարտի, 2026

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ առավոտյան մշտական մարզումները կարող են նվազեցնել սիրտ-մետաբոլիկ հիվանդությունների վտանգը ֆիզիկական ակտիվության համեմատ, որը կատարվում է ավելի ուշ օրվա ընթացքում, գրել է Medical Xpress-ը։

Վերլուծությունը հիմնվել է 14 հազար մարդու տվյալների վրա, որոնց ակտիվությանը հետեւել են Fitbit սարքերի օգնությամբ՝ ազգային խոշոր հետազոտության շրջանակում։

Մասնակիցներին բաժանել են խմբերի՝ կախված այն բանից, թե օրվա որ ժամին են նրանք սովորաբար կատարել չափավոր ինտենսիվ ֆիզիկական վարժություններ, հաշվի առնելով այն պահերը, երբ նրաց զարկերակը բարձրացել է անընդմեջ 15 րոպեում։ Այնուհետեւ հետազոտողները համեմատել են ակտիվության տվյալները բժշկական գրառումների հետ, ներառյալ այնպիսի վիճակների առկայությունը, ինչպիսին են սրտի իշեմիկ հիվանդությունը, հիպերտոնիան, 2-րդ տեսակի դիաբետը, լիպիդների բարձր մակարդակը եւ ճարպակալումը։

Արդյունքները ցույց են տվել զգալի ասոցիացիաներ. մարդիկ, ովքեր ավելի հաճախ են մարզվել առավոտյան, ավելի ցածր ցուցանիշներ են ունեցել առողջության մի քանի մարկերների գծով։ Մասնավորապես, նրանց մոտ կորոնար հիվանդության առաջացման հավանականությունը ցածր է եղել 31 տոկոսով, արյան բարձր ճնշման վտանգը՝ 18, լիպիդների բարձր մակարդակի հավանականությունը՝ 31, 2-րդ տեսակի դիաբետինը՝ 30, իսկ ճարպակալման հավանականությունը՝ 35 տոկոսով, նրանց համեմատ, ովքեր մարզվել են օրվա ընթացքում ավելի ուշ։

Այս տարբերությունները պահպանվել են անգամ ամենօրյա ֆիզիկական ակտիվության ընդհանուր ծավալի, ինչպես նաեւ այնպիսի գործոնների հաշվառմամբ, ինչպիսին են տարիքը, սեռը, եկամտի մակարդակը, քունը, ալկոհոլի օգտագործումը եւ ծխելը։

Առավել արտահայտված կապ նկատվել է այն մարդկանց մոտ, ովքեր վարժություններին ուշադրություն են հատկացրել առավոտյան ժամը 7-8-ին, ինչը կապված է եղել կորոնար խնդիրների ամենացածր ցուցանիշների հետ։ Գիտնականներն ընդգծել են, որ այս տվյալներն արտացոլում են ասոցիացիան, այլ ոչ թե ապացուցված պատճառահետեւանքային կապը. գուցե որոշ կենսաբանական կամ վարքային գործոններ, ինչպիսին են հորմոնները, քնի որակը կամ կենսակերպի ընդհանուր սովորությունները, նույնպես դեր են խաղում դիտարկվող տարբերություններում։



© NEWS.am Medicine