13:10 22 մարտի, 2026
Վիտսի համալսարանի (ՀԱՀ) հետազոտողները Journal of Exercise Science and Sports Medicine գիտական ամսագրում հետազոտություն են հրապարակել, որը հաստատում է․ ֆիզիկական ակտիվությունն էապես նվազեցնում է հիվանդությունների ռիսկը և արագացնում օրգանիզմի վերականգնումը:
Հետազոտությանը մասնակցել են տարբեր մասնագիտությունների տեր չափահասներ՝ գրասենյակային աշխատողներ, բանվորներ, ուսանողներ, ինչպես նաև հիվանդություններից հետո վերականգնողական փուլ անցնող պացիենտներ:
Գիտնականները ցույց են տվել, որ նույնիսկ նվազագույն ակտիվությունը, օրինակ՝ աթոռից վեր կենալը կամ թեթև ձգումները, օրգանիզմում ազդանշանային մոլեկուլներ է գործարկում, որոնք ազդում են բջիջների նյութափոխանակության, վերականգնման և իմունային համակարգի վրա:
«Մարդու օրգանիզմն ի սկզբանե նախատեսված է շարժման համար,— նշել է մարզական բժշկության մասնագետ, պրոֆեսոր Դեմիտրի Կոնստանտինուն։— Նույնիսկ մեկ օրն առանց ակտիվության չափելի փոփոխություններ է առաջացնում սիրտ-անոթային և հենաշարժողական համակարգերում»։
Բացի այդ, հետազոտությունները ցույց են տվել, որ վիրահատական միջամտություններին պացիենտների նախապատրաստումը և հետագա վերականգնումը ֆիզիկական վարժությունների միջոցով կրճատում են բարդությունների քանակը և արագացնում ապաքինումը:
Պրոֆեսոր Ֆիլիպ Գրադիջն իր հերթին ընդգծել է, որ պարտադիր չէ զբաղվել ինտենսիվ սպորտով. ֆիզիկական և հոգեհուզական առողջությունը բարելավելու համար բավական է օրական 2–4 հազար քայլը կամ թեթև միկրոշարժումները:
Գիտնականները եզրակացրել են, որ կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը հիվանդությունների կանխարգելման և ողջ կյանքի ընթացքում առողջության պահպանման ամենաարդյունավետ ու մատչելի միջոցներից է: