Սթրեսը չի մեծացնում քաղցկեղի զարգացման ռիսկը․ Cancer

13:30   23 մարտի, 2026

Գրոնինգենի համալսարանական բժշկական կենտրոնի գիտնականները պարզել են, որ սթրեսը և հոգեսոցիալական այլ գործոնները չեն մեծացնում քաղցկեղի զարգացման վտանգը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cancer ամսագրում։

Աշխատանքում օգտագործվել են Psychosocial Factors and Cancer (PSY-CA) կոնսորցիումի տվյալները. սա միջազգային նախագիծ է, որն ուսումնասիրում է, թե արդյոք հոգեբանական և սոցիալական գործոնները կապված են ուռուցքային հիվանդությունների առաջացման հավանականության հետ։

Հետազոտողները վերլուծել են 421 799 մարդու տվյալներ, որոնց մոտ միաժամանակ գնահատվել են տարբեր հոգեսոցիալական ցուցանիշներ։ Դրանց թվում են՝ սոցիալական աջակցության մակարդակը, ամուսնական կարգավիճակը, հարազատի կորուստը սգալու փաստը, տագնապայնության անձնային հակվածությունը և ընդհանուր հոգեբանական դիսթրեսը։

Վերլուծությունը ցույց է տվել, որ այս գործոններից և ոչ մեկը կապված չէ ընդհանուր առմամբ քաղցկեղի զարգացման բարձր ռիսկի հետ։ Նաև կապ չի հայտնաբերվել հիվանդության ամենատարածված տեսակների, այդ թվում՝ կրծքագեղձի, շագանակագեղձի և կոլորեկտալ քաղցկեղի հետ։

Որոշ դեպքերում վիճակագրական կապեր են նկատվել թոքերի քաղցկեղի դեպքում. օրինակ՝ մերձավորի կորուստ ունեցած կամ սոցիալական աջակցության ցածր մակարդակ ունեցող մարդկանց մոտ։ Սակայն ռիսկի հայտնի գործոնները, նախևառաջ՝ ծխելը և ժառանգական նախատրամադրվածությունը հաշվի առնելուց հետո, այդ կասկածների մեծ մասը անհետացել է։

Հետազոտության առաջատար հեղինակ Լոնեկե վան Տույլի խոսքով՝ արդյունքները չեն հաստատում տարածված այն կարծիքը, թե վատ հոգեկան վիճակը կամ սթրեսը ուղղակիորեն բարձրացնում են քաղցկեղի զարգացման հավանականությունը:

Հետազոտողները նշում են, որ որոշ աշխատություններում սթրեսի և ուռուցքային հիվանդությունների միջև նկատվող թույլ կապերը հաճախ բացատրվում են կենսակերպի ուղեկցող գործոններով, օրինակ՝ ծխելով, ալկոհոլի օգտագործմամբ կամ վարքագծային այլ սովորություններով, որոնք իրականում կարող են մեծացնել հիվանդության ռիսկը։



© NEWS.am Medicine