11:21 8 ապրիլի, 2026Գիտնականներն ու մանկաբույժները հայտարարել են, որ բնական, անշաքար յոգուրտը կարելի է ներառել երեխայի սննդակարգում արդեն վեց ամսականից, և այն պետք է դիտարկել որպես հավելյալ սննդի լիարժեք մաս, այլ ոչ թե որպես «վիճահարույց» մթերք։ Այս եզրակացությանն է հանգել մասնագետների միջազգային խումբը, որը ակնարկ է հրապարակել Archivos Argentinos de Pediatría ամսագրում։
Փորձագետները նշում են, որ յոգուրտը հարուստ է սպիտակուցներով, կալցիումով, վիտամիններով և կենդանի միկրոօրգանիզմներով, որոնք կարող են նպաստել նորածնի աղիքային միկրոֆլորայի և իմունային համակարգի զարգացմանը։ Խմորման շնորհիվ այն հաճախ ավելի հեշտ է մարսվում, քան սովորական կաթը, քանի որ դրա մեջ լակտոզայի մի մասն արդեն ճեղքված է։
Մասնագետները խորհուրդ են տալիս սկսել առանց շաքարի և քաղցրացուցիչների սովորական պաստերիզացված յոգուրտի փոքր չափաբաժիններից՝ այն համադրելով հավելյալ սննդի այլ տեսակների հետ, ընդ որում՝ կրծքի կաթը կամ կաթնախառնուրդը պետք է մնան սնուցման հիմնական աղբյուրը։ Կաթնամթերքի նկատմամբ ալերգիայի ընտանեկան պատմության առկայության դեպքում բժիշկները խորհուրդ են տալիս մածունը ներառել շատ զգույշ ձևով։
Հեղինակները առանձին հերքել են տարածված այն առասպելները, թե իբր յոգուրտը մեծացնում է լորձի առաջացումը, հրահրում է բորբոքումներ, վատթարացնում է շնչառությունը կամ առաջացնում է ակնե: Նրանց խոսքով՝ դրա համար գիտական ապացույցներ չկան: Հակառակը, ոչ քաղցր բնական յոգուրտը կարող է նույնիսկ նպաստել բերանի խոռոչի առողջությանը՝ կալցիումի, ֆոսֆորի և կաթնաթթվային բակտերիաների պարունակության շնորհիվ:
Միևնույն ժամանակ, հետազոտողները շեշտում են, որ ոչ բոլոր յոգուրտներն են հավասարապես օգտակար: Նորածինների համար հարմար չեն քաղցր մրգային յոգուրտները , բուրավետիչներով արտադրանքը և հատկապես հում կաթից պատրաստված տարբերակները: Լավագույն ընտրությունը մնում է առանց հավելումների սովորական՝ ամբողջական կաթից պատրաստված յոգուրտը: