11:55 23 ապրիլի, 2026Գիտնականներն ուսումնասիրել են, թե «Նավելինա» տեսակի նարնջի ամենօրյա օգտագործումն ինչպես է ազդում արյան ցուցանիշների վրա MASLD (նյութափոխանակության խանգարմամբ պայմանավորված լյարդի ճարպային հիվանդություն) ունեցող մարդկանց մոտ։ Այս հիվանդությունը սովորաբար կապված է լինում ավելորդ քաշի և 2-րդ տիպի դիաբետի զարգացման ռիսկի հետ։
Nutrients ամսագրում հրապարակված հետազոտությանը մասնակցել է 60 մարդ։ Չորս շաբաթ շարունակ մասնակիցների մի խումբն ամեն օր կերել է 400-ական գրամ նարինջ, իսկ մյուս խումբը՝ ոչ։ Արդյունքների հավաստիությունն ապահովելու համար բոլոր մասնակիցները ստացել են սննդակարգի միևնույն հանձնարարականները․ նրանց խնդրել են հրաժարվել ալկոհոլից և պոլիֆենոլներով հարուստ այլ մթերքներից։
Մասնագետները վերլուծել են արյան մեջ ճարպերի լայն տեսականին և դրանց կապը նյութափոխանակության հետ։ Առանձնակի ուշադրություն է դարձվել խոլեստերինին, ճարպաթթուներին և դրանց հարաբերակցությանը, ինչը թույլ է տալիս պատկերացում կազմել օրգանիզմում ընթացող բորբոքային գործընթացների մասին։
Արդյունքները բավականին զուսպ են. վիճակագրորեն նշանակալի փոփոխություններ չեն արձանագրվել։ Այսինքն՝ չի կարելի միանշանակ պնդել, թե նարինջն ակնհայտորեն բարելավել է արյան ցուցանիշները կամ լյարդի աշխատանքը։
Այդուհանդերձ, հետազոտողները նկատել են որոշակի թույլ միտումներ։ Նարինջ օգտագործած խմբի մոտ նկատվել է «վնասակար» ճարպաթթուների չնչին նվազում, և հավասարակշռությունը փոքր-ինչ շեղվել է դեպի «հակաբորբոքային» պրոֆիլը։ Փոփոխություններ են գրանցվել նաև «լավ» խոլեստերինի (HDL) հետ կապված ճարպաթթուների հարաբերակցության մեջ, սակայն այդ տեղաշարժերն այնքան փոքր են եղել, որ հնարավոր չէ միանշանակ եզրակացություններ անել։
Պարզ ասած՝ որոշ ցուցանիշներ մի փոքր ավելի լավ տեսք են ունեցել, բայց ազդեցությունը թույլ է եղել և վիճակագրորեն չապացուցված։
Հեղինակներն ընդգծում են, որ սա ավելի շուտ փորձնական հետազոտություն է։ Այն չի ապացուցում նարնջի բուժիչ հատկությունը, սակայն հիմքեր է ստեղծում հետագա ուսումնասիրությունների համար և ցույց է տալիս, թե ինչպես կարող են ցիտրուսային մրգերն ու դրանցում առկա բնական նյութերն ազդել օրգանիզմում ճարպերի փոխանակության և բորբոքային գործընթացների վրա։