16:12 29 ապրիլի, 2026«Էրեբունի» բժշկական կենտրոնի ուռուցքաբանական-ուրոլոգիական ծառայության ղեկավար Արման Ծատուրյանը Հայաստանում առաջին անգամ շագանակագեղձի բարորակ գերաճի բուժում է իրականացրել Rezūm գոլորշային թերապիայի մեթոդով։ Վիրահատությունն անցել է առանց որևէ կտրվածքի՝ օգտագործելով բացառապես ջրային գոլորշի։
Մեթոդի էությունը հետևյալն է. միզուկի միջոցով ներմուծվում է հատուկ սարք, որը ջրային գոլորշու օգնությամբ կետային հարված է հասցնում շագանակագեղձի մեծացած հատվածներին։ Կենտրոնացված գոլորշու ջերմային էներգիան փոփոխում է բջջային թաղանթների բնական կառուցվածքը՝ քայքայելով դրանք։
Միջամտությունից հետո ավելորդ հյուսվածքն աստիճանաբար ներծծվում է, գեղձի ծավալը փոքրանում է, ինչի արդյունքում միզուկն ազատվում է, և միզարձակումը կարգավորվում է։ Ողջ գործընթացը տևել է ընդամենը տասը րոպե, իսկ պացիենտը մեկ ժամ անց գնացել է տուն։
Մեթոդն ունի հստակ ցուցումներ։ Այն նախևառաջ նշանակվում էէ երիտասարդ պացիենտներին, ում համար կարևոր է պահպանել անտեգրադ էյակուլյացիան (սերմնաժայթքման բնականոն ընթացքը)։ Բացի այդ, Rezūm-ը հարմար է նաև սիրտ-անոթային խնդիրներ ունեցող տարեց պացիենտների համար, որոնց հակացուցված են անզգայացմամբ իրականացվող ավանդական վիրահատական մեթոդները։
Rezūm-ը դասական վիրահատությունների ժամանակակից և քիչ ինվազիվ այլընտրանքն է, որն արդեն լայնորեն կիրառվում է ամբողջ աշխարհում։ Այսուհետ այս տեխնոլոգիան առաջին անգամ հասանելի է նաև Հայաստանում՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնում: