Պուեր թեյի մեջ առկա թեաբրաունին միացությունը վերականգնում է աղիքների պաշտպանիչ գործառույթները․ F&F

14:31   30 ապրիլի, 2026

Չժեցզյանի համալսարանի (Չինաստան) գիտնականները պարզել են, որ պուեր թեյի բաղադրության մեջ առկա թեաբրաունին միացությունը կարող է պաշտպանել աղիքները բորբոքումից և օգնել վերականգնել դրա լորձաթաղանթի պաշտպանիչ գործառույթները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Food & Function (F&F) ամսագրում:

Թեաբրաունինը միացություն է, որը ձևավորվում է պուերի ֆերմենտացման՝ թեյի հումքի տևական մանրէաբանական «հասունացման» գործընթացում, որի ընթացքում առաջանում են կենսաբանորեն ակտիվ նյութեր:

Խոցային կոլիտի (աղիքների քրոնիկ բորբոքային հիվանդություն) մոդելավորված ախտանիշներով մկների վրա կատարված փորձի ընթացքում թեաբրաունինի կիրառումը հանգեցրել է լորձաթաղանթի վնասվածքների արտահայտվածության նվազման, քաշի կորստի կրճատման և կենդանիների ընդհանուր վիճակի բարելավման:

Հետազոտողները այս ազդեցությունը կապում են աղիքային բարիերային գործառույթի վերականգնման հետ, ինչը թույլ է տալիս լորձաթաղանթին կանխել պաթոգենների և տոքսինների ներթափանցումը: Մասնավորապես, ցույց է տրվել, որ թեաբրաունինն ակտիվացնում է լորձ արտադրող բջիջները և պաշտպանիչ շերտ է ձևավորում աղիքի պատի մակերեսին:

Բացի այդ, նյութն ազդեցություն է ունեցել աղիքային միկրոբիոտայի վրա, որն առանցքային դեր ունի նյութափոխանակության և իմունային պաշտպանության հարցում։ Դրա ազդեցությամբ ավելացել է աղիքների բնականոն գործունեության հետ կապված բակտերիաների մասնաբաժինը և նվազել բորբոքային գործընթացների հետ կապված միկրոօրգանիզմների քանակը:

Գիտնականների գնահատմամբ՝ թեաբրաունինը կարող է դիտարկվել որպես մարդկանց համար ֆունկցիոնալ սննդի հեռանկարային բաղադրիչ։ Այնուամենայնիվ, հետազոտությունը կրում է նախակլինիկական բնույթ, և մարդկանց մոտ դրա արդյունավետությունը հաստատելու համար անհրաժեշտ են հետագա փորձարկումներ:



© NEWS.am Medicine